«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն և մեր ավագ Լուկա Մոդրիչը եկել են համաձայնության՝ աշխարհի ակումբային առաջնությունից հետո ավարտելու մեր ակումբում նրա աներևակայելի ժամանակաշրջանը։
«Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունն ու խոր հարգանքը հայտնել այն մարդուն, ով հանդիսանում է մեր ակումբի և համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ լեգենդներից մեկը։
Մոդրիչը «Ռեալին» միացավ 2012 թվականին և դարձավ պատմության մեջ մեր ամենափայլուն դարաշրջաններից մեկի առանցքային ֆուտբոլիստներից։ 13 մրցաշրջանում նա նվաճել է 28 տիտղոս՝ 6 Չեմպիոնների լիգա, 6 աշխարհի ակումբային առաջնություն, 5 Եվրոպայի սուպերգավաթ, 4 Լա Լիգայի տիտղոս, 2 Իսպանիայի գավաթ և 5 Իսպանիայի սուպերգավաթ։
Մոդրիչն այն հինգ ֆուտբոլիստների հնգյակում է, որոնք հաղթել են 6 Չեմպիոնների լիգա, և նա ամենաշատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստն է «Ռեալի» 123-ամյա պատմության ընթացքում։
Անհատական մակարդակում Մոդրիչը նվաճել է «Ոսկե գնդակը», ճանաչվել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև 2018–ին դարձել է ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն խաղացող, 6 անգամ ընդգրկվել է FIFA FIFPro World XI-ում և երկու անգամ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպան։
Մոդրիչը մեր թիմի կազմում անցկացրել է 590 խաղ, որոնցում խփել է 43 գոլ։
«Լուկա Մոդրիչը միշտ կմնա «Ռեալի» բոլոր երկրպագուների սրտերում՝ որպես եզակի և օրինակելի ֆուտբոլիստ, ով միշտ մարմնավորել է մեր ակումբի արժեքները։ Նրա ֆուտբոլը գերել է ոչ միայն «Ռեալի» երկրպագուներին, այլ նաև ամբողջ աշխարհի ֆուտբոլասերներին։ Նրա ժառանգությունը կմնա հավերժ»․ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերես
«Ռեալը» լավագույնն է մաղթում Լուկա Մոդրիչին և նրա ընտանիքին կյանքի այս նոր փուլում։
Այս շաբաթ օրը «Սանտիագո Բեռնաբեուն» պատվով կճանապարհի նրան։