Հոդվածներ

Պաշտոնական․ Լուկա Մոդրիչը հայտնեց «Ռեալից» հեռանալու մասին
22.05.2025
486 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց նամակով հայտնել է, որ աշխարհի ակումբային առաջնությունից հետո կհեռանա «Ռեալից»։

«Սիրելի՛ «Ռեալի» երկրպագուներ, ժամանակն է հասել։

Վայրկյան, որը երբեք չէի ուզենա որ գար, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն բան ունի իր սկիզբն ու ավարտը…

Շաբաթ օրը ես վերջին անգամ կխաղամ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Ես եկա 2012 թվականին՝ աշխարհի լավագույն ակումբի մարզաշապիկը կրելու ցանկությամբ և մեծ հաջողությունների հասնելու հավակնություններով, սակայն չէի կարող անգամ պատկերացնել այն, ինչ սպասվում էր։

«Ռեալում» խաղալով՝ ես սկսեցի ապրել՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ։ Ես ինձ զգում եմ պատմության լավագույն ակումբի մի մասը։

Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ակումբին, մասնավորապես նախագահ Ֆլորենտինո Պերեսին, իմ թիմակիցներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս բոլոր տարիների ընթացքում։

Այս տարիներին ես ապրել եմ անհավատալի պահեր՝ ռեմոնտադաներ, որոնք թվում էին անհնարին, եզրափակիչներ, տոնակատարություններ ու կախարդական գիշերներ «Բեռնաբեուում»… մենք հաղթել ենք ամեն ինչ, և ես եղել եմ շատ երջանիկ։

Շա՜տ-շա՜տ երջանիկ։

Բայց տիտղոսներից ու հաղթանակներից զատ, իմ սրտում միշտ կմնա «Ռեալի» երկրպագուների սերն ու նվիրումը։ Ես անկեղծ չգիտեմ՝ ինչպես բացատրել այն յուրահատուկ կապը, որ ունեմ ձեզ հետ, և այն, թե ինչպես եք դուք ինձ աջակցել, հարգել ու սիրել։ Ես երբեք չեմ մոռանա յուրաքանչյուր ծափահարություն և բոլոր այն սիրո դրսևորումները, որոնք ստացել եմ ձեզանից։

Հեռանում եմ լի սրտով։ Լի՝ հպարտությամբ, երախտագիտությամբ և անմոռանալի հիշողություններով։

Թեև ԱԱԱ-ից հետո այլևս չեմ կրելու այս մարզաշապիկը խաղադաշտում, բայց ես միշտ լինելու եմ «Ռեալի» երկրպագու։

Hala Madrid y Nada Mas!»

Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30–ը։

«Արքայական ակումբում» Մոդրիչը մասնակցել է 590 խաղի, դարձել 43 գոլի և 95 ասիստի հեղինակ՝ նվաճելով 28 տիտղոս՝ այդ թվում 6 Չեմպիոնների լիգա։ 2018 թվականին նա արժանացել է «Ոսկե գնդակին»։


Ամենակարդացված