Ֆեդե Վալվերդեն վստահությամբ է կատարում առաջնորդի դերը՝ սառնասիրտ հարձակվողի բնազդով։
Երկու հարված դարպասին՝ երկու գոլ։ Ահա նրա վերջին երկու խաղերի համառոտ ամփոփումը Աշխարհի ակումբային առաջնությունում։ Պարզ թվերով, բայց դրանք ամբողջությամբ չեն արտացոլում ուրուգվայցու կարևորությունն ու ներդրումը թիմի խաղում։
Այդ երկու գոլերն, ի դեպ, յուրօրինակ սփոփանք դարձան «Ալ Հիլյալի» հետ հանդիպման ժամանակ վրիպած 11–մետրանոցից հետո։ Այդ վրիպումը «Ռեալին» հաղթանակ արժեցավ առաջին հանդիպման ժամանակ։ Բայց «Բազեն» արագ բացեց իր թևերը։ Երկու խաղ՝ երկու գոլ։ Վերջին անգամ նա «Ռեալի» կազմում երկու անընդմեջ խաղում գոլ էր խփել… Աշխարհի ակումբային առաջնությունում՝ 2023 թ․ փետրվարին։
Այս մրցաշարը խորհրդանշական է դարձել Վալվերդեի համար. նա գրեթե մշտապես կրում է ավագի թևկապը։ Լուկա Մոդրիչի և Լուկաս Վասկեսի բացակայության պայմաններում, ինչպես նաև Դանի Կարվախալի վերականգնման գործընթացը հաշվի առնելով՝ ուրուգվայցին ստանձնել է թիմի ավագի պարտականությունները։
«Հուսով եմ մի օր կդառնամ «Ռեալ Մադրիդի» ավագը», – ասել էր նա երեք տարի առաջ՝ մինչև Չեմպիոնների լիգայի 14-րդ գավաթի հաղթական եզրափակիչը։ Այդ օրը եկել է։
Վալվերդեն գրավել է իր նոր մարզչի սիրտը
«Շատ քիչ եմ տեսել նման ֆուտբոլիստներ», – խոստովանել էր Խաբի Ալոնսոն մի քանի օր առաջ՝ «Պաչուկայի» դեմ խաղից հետո։
«Նա ինձ հիշեցնում է Սթիվեն Ջերարդին. մեծ տարածք է ծածկում, կատարում է 30-40 մետրանոց վազքեր, ունի հիանալի հարված, գերազանց միանում է խորքից, եթե ասես՝ խաղա աջում՝ կխաղա աջում, ասես՝ կենտրոնում՝ կխաղա կենտրոնում… Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ նրան մարզելու։ Ցանկացած մարզիչ կցանկանար իր թիմում ունենալ Ֆեդե Վալվերդեին», – ավելացրել է իսպանացի մարզիչը։
Ընթացիկ մրցաշրջանում «Բազեն» իր հաշվին գրանցել է 11 գոլ և 8 գոլային փոխանցում։ Մինչ այդ նա չէր կարողացել գրավել դարպասը այն պահից ի վեր, երբ ապրիլին հիանալի հարվածով գոլ խփեց «Ատլետիկի» դեմ խաղում՝ օգնելով «Ռեալին» մնալ չեմպիոնության համար պայքարում։ Այս ցուցանիշներով նա հանդիսանում է թիմի հինգերորդ լավագույն ռմբարկուն՝ Կիլիան Մբապեի (43), Վինիսիուսի (22), Ջուդ Բելինգեմի (15) և Ռոդրիգոյից (14) հետո։
«Պարզ երևում է Ֆեդեի կիրքն ու մարտական ոգին», – ասում է նրա մարզիչը։ Կիրք և ոգի, որոնք արժանապատվություն և փայլ են հաղորդում «Ռեալ Մադրիդի» ավագի թևկապին։