 
                Իսպանիայի առաջնության 11–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Վալենսիայի» հետ (02.11.2025, 00:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղյա մամուլի ասուլիսը։
«Էլ Կլասիկոյում» հաղթանակը մեր նախագծի միայն սկիզբն է։ Մենք գոհ ենք այդ խաղի արդյունքից, սակայն դրական շաբաթվանից հետո ևս մեկ դժվար շաբաթ է սպասվում՝ երկու խաղ Լա լիգայում և 1–ը՝ Չեմպիոնների լիգայում։ Մենք լավագույնս ցանկանում ենք պատրաստվել միջազգային դադարին։
«Էլ Կլասիկոյում» հաղթանակը կարևոր էր վստահությունն ամրապնդելու տեսանկյունից, սակայն մենք պետք է շարունակենք կենտրոնանալ ամեն խաղի վրա։ Եթե անգամ փոքր–ինչ թուլացնենք մեր պատրաստվածությունը՝ միավորներ կկորցնենք»։
«Չորեքշաբթի օրը ես ու Վինիսիուս Ժունիորը զրուցել ենք և նա շատ անկեղծ էր։ Ինձ համար այդ հարցը փակ էր։ Ես շատ գոհ եմ նրանից։
Ինչու նա ինձ չհիշատակեց հրապարակային ներողության տեքստու՞մ, նա շատ անկեղծ և հրապարակային հաղորդագրություն էր թողել, նրան չի սպասվում ոչ մի հետևանք։
Ես հասկանում եմ, որ դուք՝ լրագրողներդ, կենտրոնացած եք Վինիսիուսի թեմայի ուղղությամբ, և ես հարգում եմ դա, սակայն ես արդեն պատասխանել եմ 5 նմանատիպ հարցի»։
«Ինչպես եմ ես ղեկավարում հանդերձարա՞նը, փորձում եմ մտերիմ հարաբերություններ պահպանել սաներիս հետ։ Գիտեմ, որ նրանք տարբեր են և ես պահանջկոտ եմ, սակայն կարողանում եմ ջերմ հարաբերություններ պահպանել»։
«Շնորհավորում եմ Մբապեին՝ «Ոսկե խաղակոշիկը» ստանալու համար։ Կիլիանը շարունակում է գոլեր խփել»։
«Կամավինգայի դերը «Էլ Կլասիկոյու՞մ, մենք գիտեինք, որ Էդուարդոն մեր առավելությունն է և նրան օգտագործելը աշխատեց ինչպես մարտավարական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից»։
«Կարվախալը 7–8 շաբաթ դուրս է եկել շարքից։ Մենք կսպասենք նրա շարք վերադառնալուն»։
«Ես կուզեի, որ Էնդրիկն ավելի շատ խաղաժամանակ ստանար, սակայն դեռ չի ստացվում հանգամանքների բերումով։ Նա լավ մարզվում է և պատրաստ է խաղալուն, սակայն խաղաժամանակ ստանալու համար պետք է հարմար պահ լինի»։