Մադրիդի «Ռեալն» ավարտին է հասցնում երիտասարդ արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերը, որի հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո
Իսպանիայի փոխչեմպիոնը վճռական քայլերով է մուտք գործում այս տրանսֆերային պատուհան՝ նպատակ ունենալով հզորացնել կազմը՝ նախորդ երկու տրանսֆերային պատուհաններում բաց թողածը լրացնելու համար։
Այս տրամաբանության մեջ է նաև Ֆրանկո Մաստանտուոնոյի գործարքը։ «Ռեալը» գործի է դրել ակումբի բոլոր միջոցները՝ մարզչական շտաբից մինչև ֆինանսական բաժին՝ հասնելու «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա տաղանդի համաձայնությանը։
Տվյալ պահին «Ռիվեր Փլեյթը» պնդում է՝ պետք է վճարվի 45 միլիոն եվրո կազմող հրաժարագինը։ Դա այն գումարն է, որը մի քանի օր առաջ պատրաստ չէր վճարել ՊՍԺ-ն, չնայած, ըստ լուրերի, արդեն հասել էր խաղացողի հետ պայմանավորվածության։ Այս պահին «Ռեալը» փորձում է համաձայնության գալ արգենտինական ակումբի հետ։
Մեկ տարի առաջ «Ռեալը» գրեթե ձեռք էր բերել Մաստանտուոնոյին, սակայն գործարքը չկայացավ՝ պայմանագրային խնդիրների և հրաժարագնի աճի պատճառով (15-ից դարձավ 45 միլիոն)։ Սակայն մոտ երեք շաբաթ առաջ ֆուտբոլիստի ներկայացուցիչները կրկին հայտնվեցին Մադրիդում՝ այս անգամ շատ ավելի դրական վերաբերմունքով։
«Ռեալի» գլխավոր սկաուտ Ջունի Կալաֆատն մեկնել էր Բուենոս Այրես՝ խաղացողի համաձայնությունը ստանալու նպատակով։ Այս գործարքում մրցակիցը կրկին ՊՍԺ-ն է, բայց Մաստանտուոնոն իր ցանկությունն է հայտնել խաղալ հենց «Ռեալում»։ Ի դեպ, ըստ Cadena SER-ի, Խաբի Ալոնսոն նույնպես կապվել է խաղացողի հետ, ինչը վերջին տարիներին «Ռեալի» տրանսֆերային քաղաքականության մի մասն է։
Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթին» խոստացել է ակումբում մնալ մինչև դեկտեմբերի 31-ը՝ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը և Կոպա Լիբերտադորեսին։ «Ռիվեր Փլեյթի» նախագահն այս մրցաշրջանում արդեն եկել է «Բեռնաբեու»՝ VIP սրահ, ինչը վկայում է ակումբների միջև առկա լավ հարաբերությունների մասին։
Այս տրանսֆերը միայն ֆուտբոլիստի ձեռքբերում չէ։ Եթե «Ռեալը» կարողանա համոզել Մաստանտուոնոյին ու համաձայնության գալ «Ռիվեր Փլեյթի» հետ, ապա դա կլինի նաև հաղթանակ նորաթուխ Եվրոպայի չեմպիոն ՊՍԺ-ի նկատմամբ։
Ֆրանկո Մաստանտուոնոն դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ պաշտոնական դեբյուտանտը՝ 17 տարեկան և 295 օրական հասակում։ Նա դաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին՝ փոխարինելով Տիագո Ալմադային, Արգենտինայի՝ Չիլիի նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակի ժամանակ։
Այսպիսով, Մաստանտուոնոն գերազանցեց Ադոլֆո Հայզինգերի ռեկորդը, որն իր նորամուտը նշել էր 1960 թվականին՝ 18 տարեկան, 1 ամսական և 6 օրական հասակում։ Սակայն, եթե հաշվի առնենք նաև ընկերական հանդիպումները, ապա ամենաերիտասարդ դեբյուտանտը մնում է Դիեգո Մարադոնան, որը 1976 թվականին՝ Հունգարիայի դեմ խաղում, դաշտ դուրս եկավ 16 տարեկան, 3 ամիս և 28 օրական հասակում։