Ռաուլ Ասենսիոն կատարում է կարևոր քայլ։ «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպանը որոշել է փոխել իր փաստաբանին այն բանից հետո, երբ մոտ 20 օր առաջ դատարանը որոշում էր կայացրել ավարտել նախաքննությունը և քրեական գործ հարուցել։ Այս կարևոր որոշումը համընկել է գործի շրջանակում մեղադրական եզրակացությունների ներկայացման պահի հետ։
CENAFE-ի նախագահ Միգել Գալանի և Marca–ի տեղեկություններով՝ իսպանացի կենտրոնական պաշտպանը հրաժարվել է նախկին փաստաբան Խուանգո Օսպինայի ծառայություններից, և այժմ նրա շահերը դատարանում կպաշտպանի «Ռեալ Մադրիդի» իրավաբանական ծառայության փաստաբան Ալֆոնսո Մորալես Կամպրուբին։
Ալֆոնսո Մորալես Կամպրուբին, որը ներկայացնում է «Արքայական ակումբի» շահերը, կփորձի ապացուցել իր պաշտպանյալ ֆուտբոլիստի անմեղությունը մի գործում, որը վերաբերում է անչափահասի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութի տարածմանը։
Սան Բարտոլոմե դե Տիրախանայի քաղաքի քննիչ դատարան №3-ը քրեական գործ է հարուցել Ասենսիոյի և «Ռեալի» երեք նախկին ակադեմիական ֆուտբոլիստների դեմ՝ կասկածելով, որ նրանք մասնակցել են անչափահասի և ևս մեկ աղջկա մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութի նկարահանմանը և տարածմանը՝ առանց նրանց նախնական համաձայնության։
Նոր փաստաբանը նախկինում արդեն ներկայացրել է «Արքայական ակումբը» մի շարք դատական գործընթացներում (օրինակ՝ Վալենսիայի դատարանում՝ 2023 թ. մայիսին «Մեստալյայում» կայացած խաղի ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ հնչեցված ռասիստական վիրավորանքների գործով)։