Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել է նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Այժմ Ալոնսոն մարզում է գերմանական «Բայերը»։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ կողմերը կկնքեն աշխատանքային պայմանագիր երեք տարով։ Ալոնսոն մտադիր է Մադրիդ տեղափոխել իր օգնականին՝ ֆիզպատրաստվածության մարզիչ Սեբաս Պառիլյային, որի հետ աշխատում է 2018 թվականից։
Մինչ այդ շրջանառվում էր տեղեկություն, որ «Ռեալը» պատրաստվում է մայիսի 11-ին հայտարարել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հրաժարականի մասին։ Այժմ նշվում է նոր ամսաթիվ՝ մայիսի 25-ը, երբ կանցկացվի Իսպանիայի առաջնության վերջին խաղը։ Հրաժարականի մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ մադրիդյան ակումբը պարտվեց Լոնդոնի «Արսենալին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։
Անչելոտին գլխավորում է իսպանական ակումբը 2021 թվականից։ Նա «Ռեալի» պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիչն է՝ 15 գավաթ։ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում թիմը 34 տուրից հետո 75 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ չորս միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»։
Fanat, Realmadrid.am