Հոդվածներ

Ալոնսո․ «Նա չպետք է այդպիսի սխալ թույլ տար»
23.06.2025
581 0

ԱԱԱ–ի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3։1 հաշվով առավելության հասավ «Պաչուկայի» նկատմամբ։

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Ասենսիոյի կարմիր քա՞րտը։ Ռաուլը չպետք է այդ սխալը թույլ տար։ Դա խաղի սկիզբն էր, այդպիսի պահերին պետք է ռիսկի դիմել, ու ավելի լավ է վտանգ թույլ տալ դարպասի մոտ, քան խախտում անել ու հեռացվել։ Մենք կքննարկենք այս պահը Ասենսիոյի հետ, բայց անկասկած, նա պետք է դասեր քաղի այս իրավիճակից։ Ամեն դեպքում, նա դեռ երիտասարդ է»։

«Հեռացումից հետո մեր պաշտպանությունն ու հարձակումը պետք է վերանայվեին։ Տասը ֆուտբոլիստով խաղալը լուրջ սթրես է թիմի համար, սակայն մենք լավ հանդիպում անցկացրինք։ Շատ դժվար էր պաշտպանվել, բայց մենք խաղացինք միասնական և անձնվիրաբար՝ սպասելով մեր հնարավորություններին։

Բացի այդ, այսօր մենք ծանրաբեռնեցինք եզրերը՝ Ֆրանի ու Տրենտի միջոցով, որպեսզի Գարսիան և Վինիսիուսը հայտնվեին 2-ը 2-ի դեմ։

Մենք շատ գոհ ենք մեր խաղից, քանի որ մեզ հաջողվում էր վերահսկել խաղը նույնիսկ առանց գնդակը պահելու։ Պետք է իմանալ երբ և ինչպես «տառապել»։ Մենք պետք է լինենք ճկուն ու կարողանանք հարմարվել, բայց միևնույն ժամանակ պահպանենք այն հիմնական սկզբունքները, որոնց հավատարիմ ենք մնում։

Ամեն դեպքում, ես երջանիկ եմ։ Այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր է»։

«Մենք շատ ուրախ ենք, որ Կուրտուան մեր թիմի կազմում է։ Նա այսօր ևս ցուցադրեց բարձր վստահություն»։

«Շատ ուրախ եմ Վալվերդեի համար, քանի որ «Ալ Հիլյալի» դեմ խաղից հետո նա դժգոհ էր վրիպած 11–մետրանոցի համար։ Ֆեդեն շատ կարևոր է մեր թիմի համար։

Վալվերդեն ոճով նման է Ջերարդին։ Նա անհավանական ֆուտբոլիստ է։ Յուրաքանչյուր մարզիչ կերազեր նման խաղացող ունենալ իր թիմում»։

«Բելինգեմի և Գյուլերի գոլերը ֆանտաստիկ էին։ Ջուդն ու Արդան փայլուն հմտություններ ունեն, այդ թվում՝ եզրափակման առումով։ 3։0 հաշիվը շատ կարևոր էր՝ «Պաչուկայի» հնարավոր գոլի պարագայում, և արդյունքում մրցակիցն իսկապես գոլ խփեց»։

 «Ինչ էր տեղի ունեցել Ռյուդիգերի միջադեպու՞մ։ Նա ասաց, որ մրցակիցն իրեն վիրավորել է ռասիստական բնույթի արտահայտությամբ, և մենք վստահում ենք մեր ֆուտբոլիստին։ Այժմ ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է միջադեպը։ Ռասիզմն անընդունելի է»։

 «Անհամբերությամբ սպասում ենք Մբապեի վերադարձին, բայց դեռ պետք է հետևենք նրա վիճակին»։

«Մոդրիչն արժանի է այն ողջ սիրուն ու ծափահարություններին, որ ստանում է։ Նա լեգենդար ֆուտբոլիստ է։ Եվ Լուկան գերազանց հանդիպում անցկացրեց «Պաչուկայի» դեմ»։


Ամենակարդացված