Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
17.06.2025
399 0

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ Մադրիդի նահանգային դատարանի 23-րդ բաժինը այսօր վճիռ է կայացրել՝ մեղավոր ճանաչելով այն չորս ծայրահեղական երկրպագուներին, ովքեր 2023 թվականի հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը, Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումից ժամեր առաջ, «Ռեալ Մադրիդ Սիթի» մարզաբազայի մերձակայքում գտնվող կամրջից կախել էին սեւ գույնի փչովի մանեկեն՝ մեր ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի մարզաշապիկով՝ նմանեցնելով կախաղանով մահապատժի։

Մեղադրյալները դեպքի վայրում նաև մեծ չափի պաստառ են կախել, որով բացահայտ ատելություն են հայտնել «Ռեալ Մադրիդ» ակումբի նկատմամբ։ Նրանցից մեկը իր արարքը տարածել է սոցիալական ցանցերում։

Մեղադրյալները ճանաչել են իրենց մեղքը, զղջացել են և հրապարակային ներողություն են խնդրել։ Յուրաքանչյուրն արդարադատության կողմից մեղավոր է ճանաչվել ռասսայական ատելության հողի վրա կատարված հանցագործության և Վինիսիուս Ժունիորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու համար։

Դատարանը նրանցից մեկի նկատմամբ սահմանել է մեկ տարի և տասը ամիս ազատազրկում, իսկ մյուսների նկատմամբ՝ մեկ տարի և երկու ամիս։

Բացի ազատազրկման պատժից, մեղադրյալները պարտավորվում են վճարել դատական տուգանքները, երեք տարի չեն կարող զբաղվել կրթության կամ սպորտի հետ կապված մասնագիտություններով, և նրանց արգելվել է մոտենալ Վինիսիուս Ժունիորին 1.000 մետրից պակաս հեռավորությամբ կամ որևէ կերպ կապ հաստատել նրա հետ 4 տարվա ընթացքում։

Ավելին, նրանք չեն կարող ներկա գտնվել կամ մոտենալ որևէ ֆուտբոլային մարզադաշտի՝ այդ ժամանակահատվածում։ Նրանք պարտավորվում են անցնել հավասարության վերաբերյալ վերապատրաստման հատուկ ծրագիր։

Ընդհանուր առմամբ, արդեն 14 մարդ քրեական պատասխանատվության է ենթարկվել մեր ակումբի խաղացողների նկատմամբ ռասիստական հարձակումների համար։

«Ռեալ Մադրիդը», որը հանդես է եկել որպես մասնավոր մեղադրող իր ֆուտբոլիստի հետ միասին այս գործով և այլ ընթացիկ դատավարություններում, շարունակելու է պայքարը՝ մեր ակումբի արժեքները պաշտպանելու և ռասիզմը արմատախիլ անելու համար` ֆուտբոլի և սպորտի աշխարհում։


Ամենակարդացված