Լա լիգայի 33–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Խետաֆեին» (23.04.2025, 23:30):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Մենք բոլորս գիտենք՝ ինչպես է խաղում «Խետաֆեն»․ շատ ինտենսիվ և կազմակերպված։ Նրանք ուժեղ մրցակից են՝ հստակ տակտիկական պլանով, բայց մենք պատրաստ ենք վաղվա խաղին, քանի որ որքան մոտենում է մրցաշրջանի ավարտը, այնքան կարևոր են դառնում բոլոր խաղերը»:
«Մենդին և Մբապեն պատրաստ չեն «Խետաֆեի» դեմ վաղվա հանդիպմանը, բայց կարծում եմ՝ նրանք կարող են մասնակցել Իսպանիայի գավաթի եզրափակչին (ապրիլի 27-ին, 00։00)։
Սուլոցները «Բեռնաբեուում» Կիլիանի հասցեի՞ն։ Նա տխուր է, քանի որ չի կարող օգնել թիմին։ Մբապեն անում է ամեն բան, որպեսզի պատրաստ լինի «Բարսելոնայի» դեմ խաղին»։
«Կլինի՞ արդյոք ռոտացիա վաղը։ Որոշ ֆուտբոլիստներ դեռ մի փոքր հոգնածություն են զգում «Ատլետիկի» դեմ խաղից հետո, բայց դա լիովին նորմալ է։ Վաղը կտեսնենք»։
«Չեմ կարծում, թե խնդիրները գալիս են «Բելինգհեմ – Ռոդրիգո – Մբապե – Վինիսիուս հարձակողական քառյակից»։
Մենք կորցրել ենք երկու կարևոր պաշտպանների, այդ պատճառով էլ որոշակի փոփոխություններ ենք արել մեր խաղաոճում։ Մեր կազմում կան տարբեր հմտություններ ունեցող ֆուտբոլիստներ, բայց դժվար է գտնել խաղային հավասարակշռություն։ Հուսով ենք՝ այժմ կկարողանանք գտնել այն, հակառակ դեպքում դժվար կլինի հաղթանակների հասնել»։
«Ցանկանու՞մ եմ մնալ «Ռեալում» նաև հաջորդ մրցաշրջանում։ Ես շատ եմ սիրում այս ակումբը, այստեղ երջանիկ եմ։ Հուսով եմ՝ այս ամենը կշարունակվի որքան հնարավոր է երկար։ Իհարկե, ճնշումը մեծ է, որովհետև մոտենում ենք մրցաշրջանի ավարտին։ Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ այս մրցաշրջանը բարդ է եղել։
Կկարողանա՞մ լքել ակումբը նույնիսկ Լա Լիգան և գավաթը հաղթելու դեպքում։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»։
«Պայքարը Լա Լիգայի և Իսպանիայի գավաթի համա՞ր։ Եթե ուզում ենք հաղթել երկու մրցաշարերն էլ, անկասկած, պետք է հաղթենք «Բարսելոնային» (ծիծաղում է)։ Մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել կատալոնացիներին։ Ակնհայտ է՝ ինչ-որ բան պետք է փոխենք, և պատրաստվում ենք դա անել»։
«Այլ ակումբներում, որտեղ ես աշխատել եմ, ինձ ասում էին՝ պետք է խստորեն մոտենալ ֆուտբոլիստների հարցում։ Բայց ես այդպես չեմ կարող։ Այդ պատճառով ժամանակին ասել եմ ղեկավարությանը՝ եթե նման կերպ եք ուզում աշխատել, գտեք այլ մարզիչ։ Դա իմ՝ մարդկանց կառավարելու ձևը չէ։
Չնայած այս մրցաշրջանում մի քանի անգամ զայրացել եմ ֆուտբոլիստների վրա, իմ մոտեցումն այն է, որ պետք է լավ հարաբերություններ ունենալ մարդկանց հետ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հարգել մարդկանց և արժանանալ նրանց հարգանքին։ Ես չեմ կարող օգտագործել մտրակը»։
«Ֆրանը մեծ առաջընթաց է գրանցել։ Եթե երբեմն Կամավինգային օգտագործում եմ ձախ եզրում, դա նրա գերազանց ունակությունների շնորհիվ է։ Բայց դա երբեմն բարդացնում է Ֆրանի հարձակողական գործողությունները, հատկապես երբ խաղում է Վինիսիուսի կողքին»։
«Էնդրիկն էլ է մեծ առաջընթաց արձանագրել։ Այժմ նա ավելի կարևոր դեր կստանա, քանի որ մեզ սպասում են հանդիպումներ, որտեղ անհրաժեշտ են նրա ուժն ու որակները»։
«Քանի որ «Բարսելոնան» Լա Լիգայի իր խաղը անցկացնում է այսօր, իսկ «Ռեալը»՝ վաղը, կա՞ արդյոք արդարության պակաս։ Չեմ բողոքում, քանի որ «Ատլետիկը» չէր կարող խաղալ շաբաթ օրը։ Թեև վաղը խաղում ենք արտագնա, երկար ճամփորդություն մեզ չի սպասվում։
Բայց կարծում եմ՝ կարելի էր «Խետաֆեի» դեմ հանդիպումը մի փոքր շուտ սկսել, քանի որ ժամը 23։30-ին շատ մարդիկ արդեն քնած են։ Հուսով եմ՝ իմ ֆուտբոլիստները գոնե քնած չեն լինի»։