Հոդվածներ

Դոն Կառլոն միշտ ճիշտ է
27.08.2023
1765 0

AS-ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը

«Կարելի է քրտնաջան աշխատել՝ ավելի պորդուկտիվ լինելու համար և կարելի է ավելի նվիրված լինել պրոֆեսիոնալ աշխատանքին, սակայն գտնել ջրհորն այն ժամանակ, երբ բոլորը անապատ են տեսնում՝ միայն ընտրյալներին է հաջողվում: Անչելոտին նրանց թվում է:

Միայն իմաստուն մասնագետը կարող է ամբողջությամբ փոփոխության ենթարկել իր համար ավանդական 4-3-3 խաղային սխեման՝ իմանալով, որ Քեյնն ու Մբապեն չեն ժամանելու, բայց միևնույն ժամանակ Բելինգեմը լինելու է, որին իտալացին ցանկանում է դարձնել ռմբարկու և «Ռեալի» գլխավոր աստղը:

Միայն Կառլետոյի մտքով կարող է անցնել Կամավինգային խաղացնել ձախ պաշտպանի դիրքում, միայն նա կարող է կասկածի տակ դնել Ազարի պես աստղային ֆուտբոլիստի որակները, որն արդյունքում տաքացրեց պահեստայինների նստարանը, իսկ նրա տեղը զբաղեցրեց Վինիսիուսը:

Անչելոտին ակումբի մարդ է: Նա «Ռեալ» է ժամանել ոչ թե հարձակման գծի ֆուտբոլիստների պակասից բողոքելու կամ պատճառաբանություններ հորինելու, այլ նրա համար, որ թիմը մրցաշրջանում հասնի իր նպատակներին:

Այս ամառ իտալացին խնդրել էր գնել Քեյնին և, չնայած ղեկավարությունը սկզբում համաձայնվել էր նրա առաջարկին, արդեն 24 ժամ անց նրան մերժել էին: Բայց Անչելոտին հրապարակային ոչինչ չասաց, այլ պարզապես գործարկեց 4-3-1-2-ը, որի շնորհիվ «Ռեալը» դեռևս գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:

Արդյունքները, ինչպես նաև թիմի խաղի որակն ապացուցում են, որ մարզիչը ճիշտ է: Պերեսը, որը պատժվել է արդեն 2015 թվականին Անչելոտիին անհարկի պաշտոնանկ անելու համար, հասկանում է, որ իտալացուն այս անգամ չպետք է ձեռք տալ անգամ «Սիթիից» կրած 0-4 հաշվով պարտությունից և Լա լիգայում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո:

Կառլոն օրհնանք է «Ռեալի» համար և մենք պետք է հաճույք ստանանք նրա ներկայությունից: Բրազիլիայի հավաքականը կարող է սպասել»:


Ամենակարդացված