Հոդվածներ

Մաստանտուոնո․ «Ես եմ Պերեսին խնդրել այդ մասին»
14.08.2025
322 0

«Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյի հարցազրույցը՝ թիմի հետ պայմանագիր կնքելուց հետո

«Ես շատ երջանիկ եմ, քանի որ երկար ժամանակ երազել եմ այս օրվա մասին։ Շատ շնորհակալ եմ «Ռեալի» երկրպագուներին, նրանք արդեն իսկ շատ աջակցություն ու սեր են ցուցաբերել իմ հանդեպ։ Ես իսկապես երջանիկ եմ։ Միշտ երազել եմ խաղալ «Ռեալ Մադրիդում»։

Ես երբեք չէի մտածի, որ իմ ծննդյան օրը կանցկացնեմ այսքան հիասքանչ ձևով։ Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կսկսեմ հանդես գալ «Ռեալի» կազմում, և իմ հարմարվելու շրջանը նոր թիմում կտևի որքան հնարավոր է կարճ, որպեսզի հետո սկսեմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել այս ակումբի համար։

Իմ ընտանիքը շատ-շատ ուրախ է, որովհետև նրանք գիտեն, որ «Ռեալ» տեղափոխվելը իմ երազանքն էր»։

«Ինչպես կբնորոշեմ ի՞նձ։ Ես հարձակողական, ուժեղ ձախ ոտքով ֆուտբոլիստ եմ, որ սիրում է խաղալ աջ եզրում։ Չեմ ցանկանա ինձ շատ մանրամասն նկարագրել, թող ավելի լավ իմ խաղն ինքն իրեն խոսի իմ փոխարեն։ Կարող եմ խաղալ նաև 10 համարի դիրքում։ Ամեն դեպքում, պատրաստ եմ հանդես գալ այնտեղ, որտեղ մարզիչը կասի»։

«Ալոնսոն կապ էր հաստատել ինձ հետ՝ մինչև «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունս, և ինձ համար շատ կարևոր էր իմանալ, որ մարզիչը վստահում է ինձ ու ցանկանում է տեսնել իր թիմում։ Զրույցը Խաբիի հետ ինձ մեծ վստահություն տվեց»։

«Հիշում եմ, թե ինչպես էին տատիկս ու պապիկս պատմում ինձ Դի Ստեֆանոյի մասին, այդ պատճառով ինձ համար մեծ պատիվ է անել նույն քայլը, ինչ նա՝ տեղափոխվել Հարավային Ամերիկայի ամենամեծ ակումբից դեպի աշխարհի ամենամեծ ակումբ»։

«Արգենտինացիների կապը «Ռեալի» հե՞տ։ Մեսսին շատ բան է նշանակում թե՛ «Բարսելոնայի», թե՛ բոլոր արգենտինացիների համար։ Բայց ես կարծում եմ, որ «Ռեալ Մադրիդը» պատմության ամենամեծ ակումբն է։ Ես տեղափոխվել եմ «Ռեալ», որպեսզի թողնեմ իմ հետքը։ Ուզում եմ, որ «Ռեալի» երկրպագուները հպարտանան ինձանով։

Լավագույն ֆուտբոլիստը աշխարհու՞մ․ Մեսսի։ Ես արգենտինացի եմ, այդ պատճառով ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»։

«Մի քանի րոպե առաջ հանդիպեցի Բելինգեմին։ Նա շատ լավ ընդունեց ինձ։ Նա անհավանական տղա է»։

«Իմ խաղային համարը «Ռեալու՞մ»։ Ես ինքս դիմեցի Պերեսին՝ խնդրելով տալ ինձ 30 համարը։ Դա ինձ համար հատուկ համար է, քանի որ այդ համարով եմ խաղացել նաև «Ռիվեր Փլեյթում»»։

Ֆուտբոլ թե թենի՞ս։ Ես սիրում եմ թենիսը, և այն շատ է օգնել ինձ որպես մարզիկի, բայց որոշումը հեշտ էր․ միշտ երազել եմ դառնալ ֆուտբոլիստ»։

«Ես սիրում եմ ֆուտբոլ, որը հիմնված է գնդակի վերահսկման վրա, այդ պատճառով կարծում եմ, որ այդպիսի մարտավարությանը հարմարվելը ինձ համար ամենահեշտը կլինի։

Ինչը կլինի ամենաբա՞րդը։ Հավանաբար եվրոպական ֆուտբոլի բարձր տեմպը, բայց վստահ եմ, որ շուտով կհարմարվեմ նաև դրան»։


Ամենակարդացված