Լա լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի 11–մետրանոցի շնորհիվ հաղթեց «Օսասունային»։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը։
«Կային դրական կողմեր, և կային գործոններ, որոնք պետք է բարելավենք։ Երկշաբաթյա նախապատրաստական շրջանից հետո ճանապարհը դեռ երկար է։ Կարծում եմ՝ խաղում կարգուկանոն կար, բայց վերջին երրորդում մեզ մի փոքր թարմություն չի հերիքել։
Ստորին բլոկի դեմ դժվար էր պարզ պահեր ստեղծել կամ ճնշել նրանց։ Համոզված եմ, որ դրական ու բացասական կողմերի միջոցով մենք զարգանալու և խաղի ռիթմը բռնելու ենք»։
Նոր ֆուտբոլիստները
«Տեսա, որ իրենց վրա ծանրություն չեն զգացել՝ ոչ մարզաշապիկի, ոչ էլ «Բեռնաբեուի» մթնոլորտի։ Չորսն էլ նորմալ ելույթ ունեցան՝ գուցե ոչ տպավորիչ, բայց շատ կոկիկ։ Սխալներ չեն թույլ տվել, նյարդային չեն եղել, և լավ ինտեգրվել են թիմին։ Նրանք, ովքեր մեկնարկեցին, և Մաստանտուոնոն, ով խաղի երկրորդ կեսում մտավ դաշտ, թիմին էներգիա տվեցին։ Այդ խառնուրդը լավ էր արդեն եղածների հետ։ Երկու շաբաթից հետո սա առաջին օրն էր, և հիմա պետք է նախապատրաստենք հաջորդ խաղին։ Շատ երջանիկ եմ, որ կրկին վերադարձա այս նոր «Բեռնաբեու»։ Այն, թե ինչպես է լսվում, քեզ հունի մեջ է դնում և մեծ ոգևորություն է առաջացնում»։
«Օսասունան» տակտիկական տեսանկյունից բարդություն առաջացրե՞ց
«Օսասունան» իր մոտեցումն ուներ, և դժվար էր տարածություններ գտնել։ Որոշ պահերի հասանք մինչև եզրագիծ, հատկապես ձախ եզրով՝ Վինիսիուս Ժունիորի և Կարերասի միջոցով, բայց չկարողացանք այն վերջին փոխանցումը իրականացնել։ Առնվազն հակագրոհներ բաց չթողեցինք, կարողացանք շատ խաղալ հակառակորդի կիսադաշտում։ Վերջին երրորդում մի փոքր ավելի շատ պետք է ստեղծեինք։ Սա հարմարվելու փուլ է, որը պետք է շարունակենք բարելավել»։
Մաստանտուոնո
«Արդեն տեսնում էի, որ կարող է ինչ-որ բան տալ, և իր խաղային րոպեներն էլ լավ էին։ Չէր կարողացել մեզ հետ լիարժեք մարզվել, բայց պատրաստվում էր։ Շատ մեծ ցանկություն ուներ, և երբեմն զգացմունքը ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան կատարած աշխատանքը։ Լավ ազդեցություն թողեց, և դա շատ լավ նորություն է, որ նա կատարեց իր նորամուտը»։
Արդա Գյուլերի ելույթը
«Այստեղ գտնվելուց ի վեր՝ Արդա Գյուլերը առաջընթաց է արձանագրում։ Ոչ միայն իր որակը, որը վրիպելի չէր, այլև դիրքային ընկալումը․ հանգստություն տալու կարողությունը, վերահսկելու կարողությունը և խաղը կապելու ունակությունը։ Առաջին կեսում նա մեզ հնարավորություն տվեց շարունակել հարձակվել։ Պետք է շարունակենք նրան առաջ մղել և խաղային րոպեներ տալ, որ կարևոր ֆուտբոլիստ դառնա։ Նա արդեն դա անում է, և ես ուրախ եմ նրա համար»։
Ռոդրիգոյի դերը
«Արտառոց ոչինչ չկա։ Աշխարհի ակումբային առաջնությունը այլ համատեքստ էր՝ հաշվի առնելով մրցաշարը։ Այսօր ընդամենը մեկ հանդիպում էր, մնացածը կարող ենք թողնել անցյալում։ Կարևորն այս մրցաշրջանն է, և, անշուշտ, ես շատ եմ հաշվի առնում Ռոդրիգոյին։ Սա ընդամենը մեկ խաղ էր, և ապագայի մասին շատ վաղ է եզրակացություններ անել։ Երեք ամսից, եթե նույն րոպեներն ունենա, ապա ավելի հստակ կկարողանամ պատասխանել։ Այսօր դա պարզապես հանդիպման հանգամանքներ էին և իմ որոշումները»։
Մբապեն և 10 համարը
«Կարծում եմ՝ Մբապեն, անցյալ մրցաշրջանից հետո նա ավելին է ցանկանում։ Չեմ կարող ասել՝ դա համարի՞, թե՞ հաղթելու ձգտման արդյունք է, բայց զգացվում է, որ նա ցանկանում է ավելի մեծ անհատական և թիմային արդյունքի հասնել։
Ուզում է ներշնչել իր շուրջ գտնվողներին։ Եթե այդ ամենը համարի միջոցով օգնում է, ապա՝ հիանալի է։ Ամենօրյա աշխատանքում այդ ցանկությունն ակնհայտ է, և այսօր նա ստեղծեց տարբեր խաղային պահեր, որոնք վճռորոշ էին»։
Պատրաստություն ստորին բլոկի դեմ խաղալու համար
«Շատ ժամանակ չենք ունեցել դա պատրաստելու համար։ Պետք է իմանալ՝ երբ տեղափոխել ծանրությունը, երբ կիրառել պատրաստած տարբերակը կամ ռիսկի դիմել։ Այդպիսի իրավիճակների հետ ենք առերեսվելու, և պետք է ավելի շատ պատրաստվենք։ Մինչ այժմ ժամանակ չենք ունեցել»։
Հաուսենը և Միլիտաոն՝ կենտրոնական պաշտպանների զույգ
«Այստեղ ոչ ոք «ֆիքսված» չէ։ Ով արժանի է, նա էլ խաղում է։ Ունենք նաև այլ կենտրոնական պաշտպաններ՝ Ռյուդիգեր, Ասենսիո և Ալաբա, որի վիճակը օր օրի լավանում է։ Շատ գոհ եմ Միլիտաոյից՝ վնասվածքից հետո։ Նախապատրաստական փուլի ընթացքում էլ զգացումները լավ էին, և այսօր շատ լուրջ հանդիպում անցկացրեց։ Դա շատ լավ նորություն է»։
Կարվախալի կարևորությունը
«Ոչ միայն խաղային որակներով, այլև հոգեբանական տեսանկյունից։ Նա ավագն է, մեծ ազդեցություն ունի։ «Բեռնաբեուում», Եվրոպական մրցաշարերում և Լա Լիգայում շատ փորձ ունի։ Նա գիտի՝ ինչ է պետք անել հաղթելու համար, և դրա փոխանցումը թիմին առանցքային նշանակություն կունենա»։