Հոդվածներ

Ի՞նչ սպասել Կարլո Անչելոտիից
04.06.2021
2466 0

Կարլո Անչելոտին վերադարձավ Մադրիդի «Ռեալը»։ Շնորհանդեսի ժամանակ մասնագետը նշեց, որ նա այլևս այն մարզիչը չէ, ինչ 6 տարի առաջ։ 

«Ռեալ Մադրիդ». 2014/15 մրցաշրջան։ 

«Արքայական» ակումբը խաղում էր 4-4-2 մարտավարությամբ, և խաղը հիմնականում միտված էր հարձակմանը։ Հարձակման զույգը կազմում էին Ռոնալդուն և Բենզեման։ Կիսապաշտպանությունում հանդես էին գալիս Կրոսը, Մոդրիչը, Խամեսը և Իսկոն։ Պաշտպանության եզրերում մեծ դեր էին խաղում Մարսելոն և Կարվախալը, իսկ կենտրոնը հիմնված էր Ռամոսի և Պեպեի վրա։ 

Անչելոտիի այդ մեխանիզմում շատ մեծ դեր ունեին լատերալներ Մարսելոն և Կարվախալը։ Նրանք վտանգավր շատ պահեր էին ստեղծում հարձակվելիս, ինչպես նաև բավական արդյունավետ պաշտպանվում էին։

Բացի այդ Անչելոտիի այդ կազմը բավական լավ էր գործում բարձր ճնշման տակ։ Այնտեղ, որտեղ կենտրոնացված էր գնդակի տեղաշարժը, «Ռեալի» ֆուտբոլիստները ավելի շատ էին, քան՝ մրցակցինը։ 

Գնդակը կորցնելու դեպքում պաշտպանները բավական ագրեսիվ ու լավ էին գործում՝ փորձելով հնարավորինս շուտ վերադարձնել այն։ 

«Էվերթոն». 2020/21 մրցաշրջան։ 

Անգլիայում անցկացրած վերջին մրցաշրջանի ընթացքում մենք ականատես եղանք այն բանին, որ Անչելոտին կարողացավ հարմարվել այն կազմին, որն ուներ իր տրամադրության տակ։ 

Մրցաշրջանի մեկնարկում նա խաղում էր 4-3-3 մարտավարությամբ, որտեղ մեծ դեր էր խաղում Խամես Ռոդրիգեսը։ 

Երբ Խամեսը վնասվածք ստացավ, Կարլոն փոխեց իր մարտավարությունը՝ փորձելով  4-4-2 և 4-2-3-1 մարտավարությունները։

Նախորդ մրցաշրջանի «Էվերթոնում» կարելի է առանձնացնել եզրային հարձակվողների խաղը՝ մասնավորապես Կալվերտ-Լյուինին, ով մրցաշրջանի ընթացքում դարձավ 16 գոլի հեղինակ։

Այդ «Էվերթոնը» առանձնանում էր նաև իր երկար փոխանցումներով, որի միջոցով թիմը մշտապես միտված էր գտնել հակառակորդի դարպասը տանող ճանապարհները։

Արդյունք։

Վերջում կարելի է նշել, որ Անչելոտին իսկապես փոխվել է այս 6 տարիների ընթացքում, բայց նա շարունակում է պահպանել ֆուտբոլիստների հարմարվելու, ինչպես նաև խաղի ընթացքում տարբեր տակտիկական փոփոխություններ կատարելու ունակությունները։

Չնայած այն բանին, որ «Ռեալի» ներկայիս կազմը մեծապես տաբերվում է նրա նախկին պաշտոնավարման ընթացքում եղած կազմից, կարելի է հուսալ, որ իտալացի մասնագետը կկարողանա լավագույնս օգտագործել Վինիսիուսին, Ռոդրիգոյին, Մենդիին, Ազարին և Վարանին, ու այս կազմով հասնել ցանկալի արդյունքների։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված