«Ռեալի» գլխավոր մարզչի նախկին օգնականի հարցազրույցից հատվածներ
«Իմ ամենավատ պահը «Ռեալու՞մ»։ Կարծում եմ՝ «Էլ Կլասիկոյում» կրած 0:4 հաշվով պարտությունն էր 2021/22 մրցաշրջանում։ Դա սարսափելի պահ էր, չնայած որ մրցաշրջանն ընդհանրապես լավ էր ընթանում։ Այդ օրը շատ դժգոհ էի թիմից։
Ամենաանմոռաց պա՞հը։ Եթե պետք լիներ ընդամենը մեկը նշել, ապա՝ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղը (3:1), իսկ ավելի կոնկրետ՝ Բենզեմայի երրորդ գոլը»։
«Արժանի՞ էի մշտապես մնալ «Ռեալում»։ Չգիտեմ։ Հավատում եմ, ժամանակի ընթացքում կսկսեմ ավելի շատ գնահատել իմ բոլոր նվաճումները։ Ցանկանո՞ւմ եմ մի օր դառնալ «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Այո։ Ո՞վ չի երազում այդ մասին։ Յուրաքանչյուր ոք, ով աշխատել է այս ակումբում, այդ երազանքն ունի։ Գուցե նույնիսկ Ալոնսոն էլ ուներ այդ երազանքը»։
«Խոսելուի փոխարինումը «Բավարիայի» դեմ խաղում իմ գաղափա՞րն էր։ Ո՛չ, մենք միասին քննարկեցինք դա։ Երբեմն ես առաջարկել եմ փոփոխություններ, որոնք հետո չեն արդարացվել»։
«Կրոսի հետ աշխատելը հիանալի արտոնություն էր։ Նա յուրահատուկ ու եզակի խաղացող էր։ Գուցե Տոնին էլ դառնա մարզիչ, ինչպես դա արեց Խաբին։ Երկուսն էլ նախկինում մեծ վարպետությամբ ու խելքով խաղացողներ էին։ Ինձ հետաքրքիր է՝ ինչպես եղավ, որ Կրոսը երբեք «Ոսկե գնդակ» չստացավ»։
«Կաստիլիայի» հարձակվող Գ. Գարսիան «Ռեալում» երեք անընդմեջ խաղերում կլինե՞ր հիմնական կազմում, եթե մենք դեռ այնտեղ լինեինք։ Մբապեի ու Էնդրիկի բացակայության պայմաններում՝ իհարկե։ Ես կտրականապես մերժում եմ այն պնդումները, թե մենք երիտասարդներին հնարավորություն չէինք տալիս «Ռեալում», քանի որ ակադեմիայի մի շարք ֆուտբոլիստներ մեզ մոտ նորամուտ ունեցան և խաղաժամանակ ստացան։
Ի վերջո, գլխավոր թիմում կան շատ բարձրակարգ խաղացողներ, որոնց վրա ակումբը մեծ գումարներ է ծախսել։ Կանտերայի ֆուտբոլիստների համար դժվար է մտնել հիմնական կազմ, որովհետև երբեմն դրա համար 10–15 խաղ է անհրաժեշտ, իսկ «Ռեալում» նման ժամանակ չունես»։
«Իմ հայրը՝ Կառլոն, աշխարհի լավագույն մարզիչն է, իսկ երկրորդը Ալոնսոն է։ Խաբին հիանալի է։ Նա ներկայումս աշխարհի լավագույն երիտասարդ մարզիչն է։ Նա դարձավ իմ հոր իդեալական փոխարինողը»։
«Ինչն այնպես չգնաց այս մրցաշրջանու՞մ։ Մբապեի տրանսֆերը սխա՞լ էր։ Ո՛չ, չէ՞ որ նա աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է։ Պաշտպանությունում ստիպված եղանք վերակազմավորումներ անել՝ կորցնելով երկու կարևոր պաշտպանների՝ Կարվախալին ու Միլիտաոին։ Կարծում եմ՝ բոլոր խնդիրները սկսվեցին հենց պաշտպանությունից։
Գուցե՞ խաղացողներն հոգնել էին հաղթելուց։ Ո՛չ, պարզապես մենք կորցրինք թիմի մի շարք առանցքային ֆուտբոլիստների՝ Կրոսին, Կարվախալին, Խոսելուին, Արրիսաբալագային․․․ Նրանց, ովքեր շատ կարևոր էին նման երկար մրցաշրջանում հաջողության հասնելու համար»։
«Մոդրիչի հեռանալը «Ռեալի՞ց»։ Չեմ ցանկանում մեկնաբանել ակումբի որոշումները։ Լուկան դեռ շատ բան կարող է տալ ֆուտբոլին։ Հնարավոր է, եթե ես ու Կառլոն մնացած լինեինք, ոչինչ չփոխվեր։ Ֆուտբոլն իսկապես փոխվում է, բայց Մոդրիչը խաղում է խելքով, ու կխաղա այնքան, որքան կցանկանա»։