Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Մայամիում կմրցի «Յուվենտուսի» հետ (01.07.2025, 23:00):
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղյա մամուլի ասուլիսը։
«Այսօր մեզ սպասվում է խաղ եվրոպական հսկայի՝ «Յուվենտուսի» դեմ: Մոտալուտ հանդիպումը շատ բան է պահանջելու մեզանից՝ թե՛ տակտիկական տեսանկյունից, թե՛ մենթալիտետից և կենտրոնացվածությունից։ Մենք պատրաստ ենք։
Սա կլինի մեր առաջին փորձությու՞նը։ Ո՛չ, սա վճռորոշ հանդիպում է մեզ համար շատ մեծ մրցաշարի շրջանակում։ Սա ոչ թե փորձություն է, այլ՝ չափազանց կարևոր խաղ»։
«Ինձ համար ամենակարևորը խաղադաշտում ֆուտբոլիստների միջև հեռավորությունը վերահսկելն է։ Մենք պետք է գործենք համապարփակ։ Պետք է համախմբված և՛ պաշտպանվենք, և՛ հարձակվենք։
Իմ ներկայիս որոշումներն ակնարկ են, թե ինչպիսին կլինենք հաջորդ մրցաշրջանու՞մ։ Տակտիկական հիմնական գաղափարների տեսանկյունից՝ այո։ Հիմա մենք սահմանում ենք մեր հիմնարար սկզբունքները»։
«Մբապեն իրեն շատ ավելի լավ է զգում։ Մենք Կիլիանի հետ կքննարկենք նրա հնարավոր մասնակցությունը «Յուվենտուսի» դեմ խաղին, որպեսզի վերջնական որոշում կայացնենք։ Հավանական է, որ նա կլինի մեկնարկային կազմում»։
«Ռեալի» ակադեմիայի ֆուտբոլիստները շատ լավն են, նրանք իրենց դրսևորում են բարձր մակարդակով։ Նրանց շատ հնարավորություններ կտրվեն հանդես գալու հիմնական թիմում։ Բնականաբար, մեր առաջին նպատակը խաղը հաղթելն է, նոր միայն մտածել՝ ովքեր կխաղան՝ առաջին թիմի՞, թե՞ «Կաստիլյայի» կազմից։
«Ռոդրիգոն կարևոր խաղացող կլինի մեզ համար։ Հանդիպումներից հետո ես փորձում եմ շփվել իմ բոլոր ֆուտբոլիստների հետ, այդ թվում՝ նրա։ Նմանատիպ մրցաշարերում պահեստայիններից դուրս եկած խաղացողները կարող են այնքան կարևոր լինել, որքան մեկնարկային կազմում հայտնվածները։
Կարծում եմ՝ Ռոդրիգոյի մոտ ամեն ինչ լավ է, նա հրաշալի մարզվում է։ Իսկ կխաղա՞ նա, թե՞ ոչ՝ արդեն իմ որոշելիքն է»։
«Միլիտաոն ու Կարվախալը լիովին վերականգնվել են խաչաձեւ կապանների վնասվածքներից հետո։ Երկուսն էլ կընդգրկվեն «Յուվենտուսի» դեմ խաղի հայտացուցակում։
«Դավիդե Անչելոտին ասել է, թե Կ. Անչելոտին աշխարհի լավագույն մարզիչն է, իսկ ես՝ երկրո՞րդը։ Ինձ մոտ շատ լավ հարաբերություններ են ձևավորվել Կառլոյի հետ, քանի որ միասին աշխատել ենք երկու ակումբներում։ Ես նրան շատ երախտապարտ եմ։ Շատ մեծ պատիվ և հպարտություն է նրա ձեռքից ընդունել այս տեսակի էստաֆետը։
Հիմա «Ռեալում» նոր նախագիծ է սկսվում, սակայն նախկին ժամանակաշրջանը նույնպես հրաշալի էր»։
«Ազդու՞մ է ԱԱԱ–ն (Աշխարհի ակումբային առաջնությունը) խաղացողների առողջության վրա։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ։ Ընդհանրապես այդ մասին չեմ մտածում։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս մրցաշարին ու հիմա մտածում ենք միայն՝ ինչպես հաղթել «Յուվենտուսին»։
«Վալվերդեն կարող է խաղալ տարբեր դիրքերում։ Կարծում եմ՝ նրա ամենաուժեղ կողմը արագությունն է և այն, թե ինչպես է նա մոտեցնում գնդակը հակառակորդի տուգանայինին։ Իսկ գնդակը մեջքով դեպի դարպասը ստանալը նրա ուժեղ կողմը չէ»։
«Հույս ունեմ՝ 1/4 եզրափակչում կհանդիպենք Ռամոսին։ Շատ ուրախ եմ, որ Սերխիոն շարունակում է խաղալ այսքան բարձր մակարդակով… Քանի՞ տարեկան է նա՝ 39, 40՞։ Ճիշտն ասած՝ չգիտեմ, բայց շատ ուրախ եմ նրա համար։ Ռամոսի հետ ունեմ հրաշալի բարեկամական հարաբերություններ»։
«Տրենտը կարող է խաղալ տարբեր սխեմաներով և տարբեր դիրքերում, քանի որ շատ արագ է ադապտացվում։ Մենք շատ գոհ ենք նրանից։ Նա թոփ-թոփ-թոփ-թոփ ֆուտբոլիստ է»։
«Հարավամերիկյան ակումբների ելույթն ԱԱԱ-ու՞մ։ Ինձ դուր եկան արգենտինական ու բրազիլական ակումբները։ «Բոկա Խունիորսը» առանձնապես չփայլեց, իսկ ահա «Ռիվեր Փլեյթը» արժանի դիմադրություն ցույց տվեց «Ինտերին», սակայն «Ռիվերի» խաղացողների հեռացումները վճռորոշ դարձան այդ խաղում»։
«Մբապե – Վինիսիուս հարձակողական զու՞յգ։ Մեր առաջին նպատակն իսկական թիմ ստեղծելն է, որը կգործի դաշտում շատ կոլեկտիվ՝ և գնդակով, և առանց գնդակի։ Երբ դա մեզ մոտ ստացվի, ֆուտբոլիստներն անհատապես ևս առաջընթաց կապրեն։
Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուրն ունենա իր դերը թիմում։ Մենք հավասար չափով պահանջկոտ ենք լինելու բոլորից՝ լինի դա Մբապեն, Հաուսենը, Սեբալյոսը, թե մյուսները»։
«Ինձ շատ է դուր գալիս Աշխարհի ակումբային Առաջնությունը։ Շուտով քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն խաղալու է «Բավարիայի» հետ։ Բացի այդ, մենք հենց նոր դիտեցինք, թե ինչպես «Ֆլումինենսեն» հաղթեց «Ինտերին»։ Եթե ֆուտբոլի երկրպագու եք, ուրեմն այս մրցաշարի երկրպագու ևս կդառնաք»։