Լա լիգայի 4–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ռեալ Սոսիեդադին» (13.09.2025, 18:15):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը․
Մեր բոլոր ֆուտբոլիստները, որոնք վերադարձել են ազգային հավաքականներից, կարգին են։ Նրանցից ոչ մեկը վնասվածք չունի։
Միջազգային դադարն օգտակար եղավ մեզ համար, քանի որ բոլոր ֆուտբոլիստները առողջ են, իսկ շատերի հետ նույնիսկ ավելի երկար ենք մարզվել, քան նախատեսել էինք։ Մենք շատ քրտնաջան ենք աշխատում որպես միասնական թիմ, և օրեցօր ավելի մեծ առաջընթաց ենք գրանցում»։
«Վաղը մեզ սպասում է շատ բարդ հանդիպում։ Ամեն միավոր կարևոր է, քանի որ վերջնական հաշվով դա կարող է վճռորոշ դառնալ։ Մենք պետք է ամեն հանդիպմանը վերաբերվենք ինչպես եզրափակչի»։
«Բելինգեմի վերադարձի օ՞րը։ Ես ուզում եմ լինել օպտիմիստ, այդ պատճառով էլ հուսով եմ՝ նա պատրաստ կլինի հոկտեմբերին։ Մենք բոլորս սպասում ենք Ջուդի վերադարձին»։
«Կկարողանա՞ն Վինիսիուսը, Մբապեն և Ռոդրիգոն կազմել մեր հիմնական հարձակողական եռյակը վաղվա խաղում։ Իհարկե, նրանք դա շատ անգամ արել են։ Ես միշտ դիտարկում եմ այդ հնարավորությունը։ Ամեն ինչ կախված է մրցակցից և նրանից, թե որ այլ ֆուտբոլիստների կընտրենք օգտագործել»։
«Ես VAR-ին դեմ չեմ։ Երբեմն այդ համակարգը կարող է օգնել, բայց այժմ այն կատարյալ չէ։
«Ֆլիկն ասել էր, թե ֆուտբոլիստների էգոիզմը խանգարում է թիմային հաջողությա՞նը։ Մենք ուզում ենք հաջողության հասնել, ունենալ բարձր մարդկային որակներ, և որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պատրաստ լինի օգնել մյուսներին անհրաժեշտության դեպքում։
Մենք սկսում ենք բարդ առաջադրանքներից և ուզում ենք միասին զարգանալ։ Եթե բոլորը լիովին տրամադրված ու առողջ լինեն, գրեթե վստահ եմ, որ մեզ սպասում է հաջողություն»։
«Կմասնակցի՞ Մաստանտուոնոն Մ20 աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 19-ը։ Եթե դա մեզանից կախված է, նա կմնա «Ռեալում»։
«Կամավինգան նույն վիճակում է, ինչ Բելինգեմը։ Էդուարդոն շարունակում է վերականգնվել վնասվածքից՝ մասամբ մարզվելով ընդհանուր խմբի հետ։ Շուտով նա կվերադառնա խաղադաշտ»։
«Մենդիի վնասվածքը ավելի լուրջ է, քան սկզբում էր ենթադրվում։ Նրան ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ վերականգնման համար»։
«Մբապեն աներևակայելի ֆուտբոլիստ է և հանդերձարանի առաջնորդ։ Դա վերաբերում է ոչ միայն Կիլիանին, այլ նաև մեր շատ այլ խաղացողների։ Ամեն դեպքում, նա մեզ համար հիմնական ֆուտբոլիստ է»։
«Ինչու դադարեցի կիրառել 3 կենտրոնական պաշտպաններով սխեմա՞ն։ Աշխարհի ակումբային առաջնությունում իրավիճակն այլ էր, հիմա դրա անհրաժեշտությունը չունեմ։ Բայց հնարավոր է՝ ապագայում նորից խաղանք այդ սխեմայով»։
«Հիմնական կազմում տեղ գրավելու պայքարը Կարվախալի և Տրենտի միջև՞։ Հրաշալի է, որ մեր թիմում առողջ մրցակցություն կա։ Դա լավ է ազդում բոլորի վրա, քանի որ բոլորն էլ ստիպված են լինելու խաղալ լիարժեք ուժով և պահել մոտիվացիան։
Դանի և Տրենտը շատ ակտիվ են մարզումներում, և մենք օգտագործել ենք նրանց տարբեր դիրքերում։ Ով արժանի կլինի, նա էլ կխաղա»։
«Շուտով Էնդրիկը կվերադառնա խաղադաշտ»։