Մադրիդի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել չորս երկրպագուների նկատմամբ, որոնք «Ռեալի» վինգեր Վինիսիուսի անվամբ տիկնիկ էին կախել կամրջից։
Ինչպես նշվում է ակումբի պաշտոնական կայքում, դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարին՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում կայանալիք դերբիից առաջ։ «Ատլետիկոյի» երկրպագուները կամրջից կախել էին «Արքայական ակումբի» մարզաշապիկով շագանակագույն փուչիկ տիկնիկ, որի վրա գրված էր բրազիլացու անունը։
Դատախազությունը չորս երկրպագուների համար նախապես պահանջել էր 4 տարվա ազատազրկում։ Մեղադրյալները հայտնել էին զղջման մասին և հրապարակավ ներողություն խնդրել։ Նրանցից յուրաքանչյուրը մեղավոր է ճանաչվել ատելությամբ դրդված հանցագործության մեջ։
Դատավճռի համաձայն՝ գործի մեկ մասնակից դատապարտվել է 1 տարի 10 ամսվա ազատազրկման, իսկ մյուս երեքը՝ մեկ տարի երկուական ամիսների։ Բացի այդ, բոլոր դատապարտյալները պետք է վճարեն տուգանքներ, նրանց երեք տարի արգելված կլինի զբաղվել կրթության և սպորտի հետ կապված մասնագիտություններով, ինչպես նաև չորս տարի Վինիսիուսին չեն կարող մոտենալ 1000 մետրից քիչ հեռավորության վրա կամ որևէ կերպ շփվել նրա հետ։
Նշվում է, որ նրանք չպետք է մասնակցեն կամ մոտենան որևէ ֆուտբոլային մարզադաշտի մարզական միջոցառումների ժամանակ նշված ժամանակահատվածում, և պարտավոր են անցնել կրթական դասընթաց։
Fanat, Realmadrid.am