Հոդվածներ

Ալոնսո․ «Նրա թոփ խաղամակարդակն իմ արժանիքը չէ»
15.09.2025
262 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Մարսելի» հետ (16.09.2025, 23:00):

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի նախախաղային ասուլիսը

«Շատ ոգեւորված եմ ՉԼ-ի մեկնարկով, քանի որ բոլորս էլ գիտենք՝ ինչ նշանակություն ունի այս մրցաշարը «Ռեալի» համար։ Խաղը «Բեռնաբեուում» մեզ համար լրացուցիչ մոտիվացիա է։ Վաղը մեզ սպասվում է հանդիպում «Մարսելի»՝ շատ մրցունակ թիմի հետ։ Մենք պարտավոր ենք ցուցադրել մեր լավագույն կողմերը»։

«Կարծու՞մ եմ արդյոք, որ Հաուսենի հեռացումը «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում գլխավոր մրցավարի միտումնավոր սխալն էր։ Այս թեմայով ես արդեն ասել եմ այն ամենը, ինչ ցանկացել եմ։

«Նեգրեյրայի գո՞րծը»։ Այսօր չեմ ուզում խոսել մրցավարական սկանդալների մասին։ Նախընտրում եմ կենտրոնանալ ՉԼ–ում առաջիկա խաղի վրա։ «Ռեալի» քննադատությունը մրցավարական կորպուսի հասցեի՞ն։ Ակումբը պետք է պաշտպանի իր շահերը»։

«Լա Լիգայի կողմից դոպինգ-թեստերի անցկացումը ՉԼ խաղից մեկ օր առա՞ջ։ Դա է պրոտոկոլը, ամեն ինչ նորմալ է։ Մենք պատասխանատու չենք դրա համար, պարզապես մարզումը սկսեցինք ավելի ուշ, քան նախատեսված էր»։

«Վինիսիուսի վաղ փոխարինումը «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղու՞մ։ Երբեմն ստիպված ենք լինում փոխարինումներ կատարել՝ կախված խաղի ընթացքից։ Ես չէի ասի, թե նման հանդիպումները իդեալական են հարձակվողների համար, բայց Վինիսիուսը լավ դրսեւորեց իրեն այդ խաղում, նա շատ օգնեց թիմին՝ հաղթանակի հասնելու համար։

Վինիսիուսը լավ մարզավիճակում է։ Նա պատրաստ է մեկնարկային կազմում հայտնվել «Մարսելի» դեմ խաղում»։

«Կարվախալը շատ մրցունակ ֆուտբոլիստ է։ Ես դա գիտեմ այն պահից, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան։ Ժամանակի ընթացքում նա դարձել է ավելի հասուն խաղացող, բացի այդ, աճել են նրա առաջնորդական որակները։ Դանիի դերը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ նա օգնում է թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստի առաջադիմել»։

 «Մբապպեի խաղամակարդա՞կը։ Նա պարզապես սիրում է ֆուտբոլը։ Ես ինձ չեմ վերագրում Կիլիանի ելույթների մակարդակը։ Մեզ պետք են նրա՝ հիանալի անհատական հմտությունները։ Նա մեր թիմի առաջատարներից մեկն է։

Մբապեն այրվո՞ւմ է ՉԼ–ն նվաճելու ցանկությունից։ Մենք հիմա մեր նախագծի սկզբում ենք։ Ուզում ենք ամեն ինչ հաղթել։ Այժմ մենք կենտրոնացած ենք այս շաբաթվա խաղերի վրա, ոչ թե ՉԼ եզրափակչի»։

 «Դեսիմա՞։ Այդ ժամանակահատվածում մեզ համար շատ դժվար էր ՉԼ-ում հաղթելը։ Մենք երեք կիսաեզրափակիչում անընդմեջ պարտվել էինք, մինչեւ որ նվաճեցինք այդ գավաթը։ Շատերը հասկացան, որ հաղթելու համար պետք է պարտվել, եւ երբեմն՝ բավականին շատ։

«Դեսիմայի» նվաճումից հետո սկսվեցին «Մադրիդի» աներեւակայելի տարիները Զիդանի գլխավորությամբ։ Դա ակումբի համար պատմական եւ եզակի ժամանակաշրջան էր։

Արդյոք լրացուցիչ ճնշում ենք զգում այն պատճառով, որ «Ռեալը» ՉԼ պատմության ամենատիտղոսակիր ակու՞մբն է։ Դա մեզ համար պատիվ է, հաճույք եւ հպարտություն»։


Ամենակարդացված