• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բրահիմ․ «Զալցբուրգը» լավ մրցակից է, որը դժվարություններ է ստեղծելու մեզ համար»

Հոդվածներ

Բրահիմ․ «Զալցբուրգը» լավ մրցակից է, որը դժվարություններ է ստեղծելու մեզ համար»
26.06.2025
378 0

Լուկաս Վասկեսը, Բրահիմ Դիասը և Գոնսալոն «Զալցբուրգի» դեմ կայանալիք հանդիպման նախօրեին հարցազրույց են տվել RMTV–ին

Հանդիպումը կկայանա Ֆիլադելֆիայի «Լինքոլն Ֆայնենշլ Ֆիլդ» մարզադաշտում (27.06.2025, 05:00)։

Բրահիմ Դիաս․ «Ես միշտ ձգտել եմ հաջողության հասնել այս թիմում»

«Դժվար խաղ է լինելու, ուզում ենք մեզ լավագույնս դրսևորել։ Փորձելու ենք հնարավորինս շատ տիրել գնդակին, որպեսզի կարողանանք հարձակվել և վտանգավոր լինել գծերի միջև։ Մենք բոլորս շատ լավ ֆուտբոլիստներ ենք, վստահ եմ՝ կօգնենք թիմին տիտղոսներ նվաճել։

«Գիտենք՝ ինչ մեծ ֆուտբոլիստ է Ռոդրիգոն և որքան կարևոր է թիմի համար։ Նա հրաշալի խաղընկեր է, բոլորս շատ գոհ ենք նրանից։ Ես միշտ ունեցել եմ այս թիմում հաջողության հասնելու ձգտում, այն շարունակում եմ ունենալ։ Ակնհայտ է՝ ցանկանում եմ լինել հիմնական կազմում։

Գիտենք՝ որքան մեծ մրցակցություն կա այս թիմում, քանի որ այստեղ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են։ Ես փորձում եմ ցույց տալ առավելագույնը, քանի որ միշտ երազել եմ հաջողության հասնել հենց այստեղ»։

Մբապեի վիճակը

«Հիմա նա լավ է։ Սկզբում մի փոքր թույլ էր՝ դա նորմալ է։ Բայց հիմա, երբ վերադարձել է հանդերձարան՝ ամեն ինչ լավ է»։

Մտքեր Աշխարհի ակումբային առաջնության մասին

«Մենք շատ ուրախ ենք այստեղ լինելու համար։ Եթե այստեղ ես, նշանակում է տարիներ շարունակ ամեն ինչ ճիշտ ես արել։ Երբ այս ակումբի մարզաշապիկ ես հագնում, զգում ես դրա կարևորությունը ու գիտակցում՝ աշխարհի լավագույն ակումբում ես։ Պետք է ցույց տաս՝ ով ես և ամեն ինչ թողնես դաշտում»։

Իր դերը թիմում

«Միշտ ինձ կարևոր եմ զգացել, քանի որ եղել եմ թիմի լավ պահերին ու խփել եմ կարևոր գոլեր։ Թիմն ու մարզիչները ինձ կարևորություն են տվել»։

Խաբի Ալոնսոյի մասին

«Միսթերն ունի հստակ պատկերացում։ Մենք պարզապես պետք է նրան լսենք։ Նա հիանալի մարզիչ է և շատ բան կարող է փոխանցել թե՛ մեզ՝ որպես ֆուտբոլիստ, թե՛ ամբողջ թիմին։ Նա ունի իր խաղային փիլիսոփայությունը, և մենք աշխատում ենք նրա ցուցումների համաձայն։ Մենք ուրախ ենք, որ նա այստեղ է»։

Մրցակիցը

«Զալցբուրգը» լավ մրցակից է, որը մեզ համար բարդություններ է ստեղծելու։ Նրանք երիտասարդ խաղացողներ ունեն, և եթե կարողացել են Աշխարհի ակումբային առաջնության մասնակցել, ուրեմն՝ լավ թիմ են։ Դա դժվար խաղ է լինելու, բայց վաղը ամեն ինչ լավ կլինի»։

Գոնսալո Գարսիա․ «Ունենք ձգտում ու ոգևորություն՝ հաղթանակի հասնելու համար»

«Ցանկանում ենք, որ վաղը շուտ գա։ Գիտենք, որ շատ կարևոր խաղ է լինելու։ Ունենք ձգտում ու ոգևորություն՝ հաղթանակ տանելու համար»։

«Ես արդեն երկար ժամանակ է այստեղ եմ։ Ինձ համար երազանք է՝ առաջին թիմի կազմում խաղալը։ Յուրաքանչյուր ակադեմիայի սանի նպատակն է հասնել հիմնական կազմ, և դա միշտ ուղեկցել է ինձ հենց ակադեմիա մուտք գործելու օրվանից»։

Խաբի Ալոնսոյի հիշողությունը

«Խաբիին հիշում եմ որպես «Ռեալի» խաղացող։ Նա շատ բարձր որակի ֆուտբոլիստ էր, իսկական մադրիդիստ, ով շատ լավ էր հասկանում՝ ինչ է նշանակում կրել այս մարզաշապիկը։ Կարծում եմ՝ նա հենց դա էլ փորձում է մեզ փոխանցել։ Պետք է վայելել խաղը ու միշտ տալ քո առավելագույնը»։

«Չնայած այն բանին, որ ժամանակը քիչ է եղել, նա ամեն ինչ հասցրել է մեզ փոխանցել շատ արագ, որպեսզի պատրաստ լինենք այս մրցաշարին»։

Համեմատությունները Խոսելուի հետ

«Մեծ պատիվ է, երբ ինձ համեմատում են Խոսելուի հետ։ Նա մեծ խաղացող էր թե՛ ակադեմիայում, թե՛ «Կաստիլյայում», թե՛ հիմնական թիմում։ Եթե հարցնեք՝ կարո՞ղ եմ արդյոք անել նույն դերը, դա արդեն Միսթերի որոշելիքն է»։

Լուկաս Վասկես․ «Ռեալ Մադրիդը միշտ խաղում է հաղթանակի համար»

«Կարծում եմ՝ դժվար խաղ է լինելու։ Սա մի մրցակից է, որի դեմ խաղացել ենք Չեմպիոնների լիգայում։ Լավ փորձություն կլինի մեզ համար։ Մենք այստեղ ենք՝ հաղթանակի ձգտումով։ «Ռեալ Մադրիդը» միշտ խաղում է հաղթանակի համար, և Ֆիլադելֆիա ենք եկել երեք միավորի հետևից»։

«Վինի Ժունիորին նկատում եմ շատ ուրախ, երջանիկ, վայելում է այն, ինչ ամենաշատն է սիրում՝ ֆուտբոլը։ Նա արժանի է հանգստության, պետք է պարզապես թույլ տանք՝ խաղա, ու վայելենք նրա խաղը»։

Եղանակային պայմաններ

«Ամբողջ մրցաշարը տեղի է ունենում այս պայմաններում։ Սա այն է, ինչ ունենք, չպետք է բողոքենք։ Հուսով եմ՝ վաղը լավ խաղ կտեսնենք և կհաղթենք»։

Մարզչական փոփոխություն

«Չորս տարի մենք աշխատել ենք Կառլոյի հետ՝ նրա մեթոդներով։ Այժմ եկել է Խաբին իր խաղային ոճով ու տեսլականով։ Քիչ-քիչ տեսնում ենք, թե ինչպես ենք խաղադաշտում փոխանցում նրա գաղափարները և ուզում ենք շարունակել առաջադիմել»։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին

«Տրենտն արդեն տարիներ շարունակ մեծ խաղացող է։ Նա շատ բան կարող է տալ «Ռեալ Մադրիդին»։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի նրա համար»։


Ամենակարդացված