Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» ցանկությանը՝ ՖԻՖԱ-ին դիմել իսպանական ֆուտբոլում մրցավարության վերաբերյալ բողոքով, որին նախորդել էր «սերուցքայինների» պաշտպան Դին Հաուսենի հեռացումը՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում։ Բացի այդ, նա արձագանքել է նաև մրցավարի որոշմանը։
«Քանի որ նրանք հայտարարել են, որ զեկույցը կծածկի ողջ իսպանական մրցավարությունը, նշանակում է՝ այն կանդրադառնա բոլոր ակումբներին։ Եթե խոսքը գնա միայն «Ռեալի» և «Բարսելոնայի» մասին, ապա դա կլինի կողմնակալ զեկույց։
Մեր մոտ Opta-ի տվյալներ կան բոլոր ակումբների հեռացումների և 11-մետրանոցների մասին։ Ես որևէ զեկույց չեմ տեսել «Ռեալի» հեռացումների մասին։ Խորհրդավոր է... Թող սա լինի ամբողջական զեկույց, և յուրաքանչյուրն ինքը թող եզրակացություն անի։ Հակառակ դեպքում այն ուղղված կլինի միայն մրցակցության վնասելուն։
Ես չեմ պատրաստվում արտահայտել իմ կարծիքը Հաուսենի հեռացման մասին և չարժե անգամ միջամտել։ Համոզված եմ, որ նրանք (մրցավարները) կբացատրեն դա։ Ինձ մոտ կա երկրպագուի կարծիք։
Մենք պետք է շարժվենք FVS մոդելի (Football Video Support — ֆուտբոլային հանդիպումների վիդեոխաղարկման աջակցման համակարգ) ուղղությամբ, որը ներդրված է Իսպանիայի թագավորական ֆեդերացիայի (RFEF) կողմից։ Խոսքը այն մասին է, որ մարզիչները պետք է հարցեր տան խաղերի վերաբերյալ։
Քիչ ժամանակ կա, այժմ աշխարհում փորձարկում է իրականացվում։ Զրույցները քիչ են, բայց դրա մասին պետք է մտածել։ Ես կցանկանայի, որ դուք մտածեք՝ արդյոք հնարավո՞ր է այս համակարգն օգտագործել պրոֆեսիոնալ մրցաշարերում», – Տեբասի խոսքերն է փոխանցում AS-ը։
Նշենք, որ FVS համակարգի շնորհիվ մարզիչները կարող են հանդիպման ընթացքում մինչև երկու անգամ պահանջել վիդեո դիտարկում, եթե կարծում են, որ թույլ է տրվել սխալ։
Եթե մարզիչը մատնանշում է հնարավոր սխալը, ապա մրցավարը մոտենում է դաշտի եզրին և դիտում դրվագի կրկնությունը։ FVS-ը դիտարկվում է որպես ավելի մատչելի այլընտրանք VAR համակարգին։
Հայերեն