Դարաշրջանի ավարտ․ Լուկա Մոդրիչի և Կառլո Անչելոտիի հեռանալը նշանավորեցին «Ռեալի» 2024/25 մրցաշրջանի ավարտը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Այնուամենայնիվ, կար ևս մեկ ֆուտբոլիստ, ում մասին անարդարացիորեն քիչ խոսվեց՝ Լուկաս Վասկեսը։ Նա մնաց ստվերում։ Թեև պաշտոնապես նրա հեռանալը դեռ չի հայտարարվել, սակայն նա կլքի թիմը։ Լուկասի «վերջին պարը» կլինի Աշխարհի ակումբային առաջնությունը, սակայն նույնիսկ այդ պահը կստվերվի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերով։ Հրաժեշտ՝ ստվերում։
Համարյա տասը տարի անցել է այն օրից, երբ Վասկեսը վերադարձավ «Էսպանյոլից» և իր նվիրումով ու քրտնաջան աշխատանքով արժանացավ թիմում իր տեղին։ Դարձավ տոկունության խորհրդանիշ։ Հավերժ «ջոկեր»։ Մենք հիշում ենք նրա 11– մետրանոցը 2016-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Ատլետիկոյի» դեմ։ Նա կիսել է հանդերձարանը լեգենդների հետ՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Մարսելոյի, Կազեմիրոյի և Լուկա Մոդրիչի, ով վերջին լեգենդներից էր, որ լքեց ակումբը։
Լուռ զինվոր․ Մշտապես ստվերում։ Երբեմն՝ եզրային պաշտպանի դերում, երբեմն՝ վինգերի։ Շիտակ խաղաոճով։ Շքեղ փոխարինող կամ անակնկալ մեկնարկային կազմի անդամ։ Հանդերձարանում՝ սիրելի և հարգված կերպար, առանց գոռոզության, առանց ուշադրության ձգտելու։ «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղի օրը Լուկասը կարող էր խնդրել բարձրակարգ հրաժեշտ, բայց չարեց։ Մոդրիչին և Կառլոյին հարգանքի տուրք մատուցելուց հետո Լուկասը իր սեփական պահը չունեցավ։ Ամեն ինչ վկայում է, որ նա այնուամենայնիվ կունենա այդ պահը, բայց առանց ճոխությունների։ Հասարակ արարողություն՝ Աշխարհի ակումբային առաջնությունից հետո, ինչպես Մարսելոյի կամ Նաչոյի դեպքում։ Հուզիչ, բայց պարզ։
Լուկասի ապագան մնում է անորոշ։ Առաջարկների պակաս չի լինի։ Նա կհեռանա որպես լեգենդ։ Իր ակտիվում ունի 400 խաղ, 38 գոլ և 73 գոլային փոխանցում, նաև 23 տիտղոս։
5 Չեմպիոնների լիգա, 4 Աշխարհի ակումբային առաջնություն, Միջմայրցամաքային գավաթ, 4 Եվրոպայի Սուպերգավաթ, 4 Լա Լիգայի տիտղոս, 1 Իսպանիայի Գավաթ, 4 Իսպանիայի Սուպերգավաթ։ Վասկեսը կփորձի փայլուն ավարտել իր ուղին «Ռեալում»՝ վերակազմավորված Աշխարհի ակումբային առաջնության շրջանակներում։ Այսպես է հեռանում «Ռեալի» վերջին ավագներից մեկը։ Հրաժեշտ՝ ստվերում, մի կարիերայից հետո, որն ամբողջովին լույսով էր լցված։