Իսպանիայի դատախազությունը պահանջում է չորս տարվա ազատազրկում Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի համար՝ անչափահասի մասնակցությամբ ինտիմ տեսանյութի տարածման գործով։ Այս մասին հայտնում են մի շարք իսպանական աղբյուրներ, ներառյալ Marca-ն։
Աղբյուրների համաձայն՝ Ասենսիոյին մեղադրում են տեսանյութը պահելու և այլ անձանց ցուցադրելու մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա ազատվել է տեսանյութը նկարահանելու և տարածելու մեղադրանքներից՝ ապացույցների պակասի պատճառով։
Նշվում է, որ զոհի փաստաբանները պահանջում են Ասենսիոյի համար նշանակել €10 տուգանք՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 20 ամսվա ընթացքում, ինչպես նաև €58 հազար փոխհատուցում՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։ Մյուս երեք մեղադրյալների համար պահանջվում է չորս տարի և տասը ամիս ազատազրկում։ Զոհերից մեկը, ով արդեն չափահաս է, պատրաստվում է ներկայացնել նմանատիպ հայց։ Երկու զոհերն էլ ունեն «հետտրավմատիկ սթրեսային խանգարման» ախտորոշում, և Ասենսիոյի հայտնիությունը խորացրել է նրանց տրավման։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Ասենսիոն և «Ռեալ Մադրիդ C» թիմի ևս երեք ֆուտբոլիստներ ձերբակալվել էին՝ նշված տեսանյութը նկարահանելու և տարածելու մեղադրանքով։ Նրանց սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում։