Էդեր Միլիտաոն գրեթե վերադարձել է։ Բրազիլացին, որը 2023-ի հոկտեմբերին Լա լիգայի շրջանակներում «Օսասունայի» դեմ խաղում ստացել էր աջ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք, անցյալ ուրբաթ ավարտեց խմբային մարզման մի հատված։ Դա թիմի վերջին մարզումն էր՝ նախքան Լա լիգայի վերջին հանդիպումը, ինչպես նաեւ վերջինը` Կառլո Անչելոտիի գլխավորությամբ։
Ներկայումս Վալդեբեբասում մարզումները դադարեցված են, վնասվածք չստացած խաղացողները արձակուրդում են և կվերադառնան այսօր՝ հունիսի 2-ին (բացի նրանցից, ովքեր հրավիրվել են ազգային հավաքականներ)։
Միլիտաոն շարունակում է վերականգնումը «Ռեալի» մարզաբազայում՝ նպատակ ունենալով լիարժեք պատրաստ լինել Աշխարհի ակումբային առաջնությանը։ Նա վերադարձել է ռեկորդային կարճ ժամկետում՝ ընդամենը 195 օրում, ինչը նման լուրջ վնասվածքի դեպքում հրաշք է։
Էդերը ցանկանում է ընդգրկվել Աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում։ Նա գիտակցում է, որ դեռ լավագույն մարզավիճակում չի լինելու եւ որ նրա խաղաժամանակը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ կլինի, սակայն ցանկանում է հասանելի լինել Խաբի Ալոնսոյի համար։
Բրազիլացին հույս ունի խաղադաշտ դուրս գալ խմբային փուլում՝ հաշվի առնելով մրցակիցների մակարդակը. «Ռեալը» հանդիպելու է «Պաչուկայի», «Ալ Հիլյալի» եւ «ՌԲ Զալցբուրգի» հետ։
Սակայն Միլիտաոն չի շտապում։ Նա լավ գիտի, որ պետք է զգույշ լինի, քանի որ արդեն վիրահատվել է խաչաձեւ կապանների շրջանում՝ երկու ծունկն էլ։ Նախորդ մրցաշրջանում նա վերադարձավ մարտի վերջում եւ հասցրեց խաղալ զգալի ժամանակ՝ 459 րոպե։ Բայց ընթացիկ մրցաշրջանը այլ էր։
«Ռեալը» 2024/25 մրցաշրջանը մեկնարկել էր ընդամենը երկու առողջ կենտրոնական պաշտպանով՝ Միլիտաոյով եւ Ռյուդիգերով։ Նաչոն հեռացել էր, Վալյեխոյին գլխավոր մարզիչը չէր վստահում, իսկ Ալաբան չէր վերականգնվել մինչեւ հունվար, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ խաղում էին Չուամենին եւ ակադեմիայի ֆուտբոլիստները (հիմնականում Ասենսիոն եւ Խակոբոն)։
Այնուամենայնիվ, Անչելոտին այն մարզիչը չէ, ով արագ է կատարում ռոտացիաներ․ մինչեւ վնասվածքը Միլիտաոն խաղացել էր 1311 րոպե՝ ընդհանուր 1470-ից, այսինքն՝ 89%։ Հավանաբար, դա լավագույն տարբերակը չէր՝ հաշվի առնելով նրա վերադարձը ծանր վնասվածքից հետո։
Այժմ «Ռեալում» հույս ունեն, որ Խաբի Ալոնսոն չի շտապեցնի Միլիտաոյի վերադարձը եւ նրան աստիճանաբար կմտցնի խաղի մեջ՝ խուսափելով հնարավոր ռեցիդիվից։ Հյոյսենի տրանսֆերն ու Ասենսիոյի առկայությունը թույլ են տալիս նման մոտեցում։ Միլիտաոն կընդգրկվի Աշխարհի առաջնության հայտացուցակում, սակայն նա ցանկանում է վերադառնալ դանդաղ, քայլ առ քայլ։