Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Այդ լուրերը մեզ չեն շեղի»
26.11.2025
315 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Օլիմպիակոսին» (27.11.2025, 00:00):

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Վաղը մեզ սպասվում է կարևոր խաղ մրցաշարային աղյուսակի տեսանկյունից։ Մենք պետք է լավ և կենտրոնացած խաղանք։ Վատ արդյունքների շարքից հետո մեզ անհրաժեշտ է նորից զգալ հաղթանակի համը։

«Օլիմպիակոսը» շատ լավ թիմ է։ Ես հետևում եմ նրանց, քանի որ մեծ հարգանք ունեմ նրանց մարզիչ Մենդիլիբարի նկատմամբ։ Նա բարձրակարգ մարզիչ է, ում ղեկավարությամբ «Օլիմպիակոսը» ցուցադրում է շատ ինտենսիվ և կրեատիվ ֆուտբոլ։

«Ռեալ Մադրիդը» Հունաստանում 9 խաղում ոչ մի հաղթանակ չի տարե՞լ։ Ամեն ինչ երբևէ առաջին անգամ է տեղի ունենում»։

«Որքանով է կարևոր մարզչի համար հանդերձարանը ղեկավարելու ունակությո՞ւնը։ Այն նույնքան կարևոր է, որքան մարտավարական գործոնը և ֆիզիկական պատրաստվածությունը։ Դա հիմքերի հիմքն է ինչպես «Ռեալում», այնպես էլ ցանկացած այլ թիմում։

Դժվա՞ր է արդյոք գլուխ հանել այս մակարդակի ֆուտբոլիստների հետ։ Ես աշխատել եմ շատ բարձրակարգ խաղացողների հետ, ովքեր մեծ պրոֆեսիոնալներ են, շատ պահանջկոտ և ինքնավստահ։ Նախկինում լեգենդար ֆուտբոլիստների հետ միասին հանդես գալը նույնպես օգնել է ինձ այժմ իմ սաների հետ հարաբերություններ կառուցել։

«Ռեալում» նման բաներ պատահում են, և դրան պետք է հարմարվել»։

«Ասում են՝ «Ռեալը» ֆուտբոլիստների թիմն է, այլ ոչ թե մարզչի՞։ Ցանկացած թիմում խաղացողներն ավելի կարևոր են, քան մարզիչը։ Թիմի մարզչի խնդիրն ընդամենը նրանց օգնելն է՝ հանդես գալ լավագույն մակարդակում։

Մտածու՞մ եմ արդյոք, որ խաղացողները կարող են «ծախել» մարզչին։ Ես չեմ խոսի այդ մասին, քանի որ շատ եմ հարգում իմ սաներին։ Իմ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են, և նրանց հետ պետք է կապ պահպանել։ Որոշիչ նշանակություն ունի հենց խաղացողների մակարդակը, նրանց վերաբերմունքը գործի նկատմամբ և աշխատունակությունը։ Մենք աջակցում ենք նրանց և պետք է լինենք նրանց կողքին։

Մենք չենք կարող ուշադրություն դարձնել ԶԼՄ-ների աղմուկին, մենք պետք է կենտրոնանանք մեր աշխատանքի, խաղի, հանդերձարանում ունեցած հարաբերությունների և այն նպատակների վրա, որոնց փորձում ենք միասին հասնել։

Լուրերը այն մասին, թե «խաղացողները փորձում են «ծախել» իրենց մարզչին», մեզ չեն շեղի։ Ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչ է կատարվում մարզումներին և խաղերին։ Ուրիշ ոչինչ ինձ չի անհանգստացնում»։

«Իմ ուղերձները չե՞ն հասնում ֆուտբոլիստներին։ Ոչ, բոլորովին այդպես չէ։ Կարծում եմ՝ խաղացողները լավ են հասկանում իմ ցուցումները։

Մի խաղում Վինիսիուսն ասել է՝ «Կարծես մենք չենք ուզում հաղթել», իսկ մեկ այլ խաղում Մբապեն ասել է՝ «Մենք պետք է ավելի լավ պրեսինգ անենք»։ Դա նորմալ պահվածք է դաշտում, նման բաներ պատահում են»։

«Արդյո՞ք «Ռեալը» ղեկավարելն ավելի դժվար է, քան ես ենթադրում էի։ Ամեն ինչ այնպես է ընթանում, ինչպես ես ակնկալում էի. սա դժվար աշխատանք է, կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Ինձ շատ է դուր գալիս մարզել «Ռեալը», դա արտոնություն է ինձ համար։

Ակնհայտ է, որ «Ռեալի» ղեկին լինելը պահանջկոտ աշխատանք է։ Սակայն ստեղծված ներկայիս իրավիճակը իմ հետ «Ռեալի» պատմության մեջ առաջինը չէ, ես տեսել եմ, թե ինչպես է նման բան տեղի ունեցել Մոուրինյոյի և Անչելոտիի հետ։

Պետք է կարողանալ ապրել դրա հետ։ Մենք ինքնաքննադատ ենք և դժգոհ ենք մեր կատարմամբ անցկացրած վերջին խաղերից։ Բայց մենք տեսնում ենք նաև, թե որ տեղում ենք գտնվում Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակներում։

Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի. մեր փոխհարաբերությունները, խաղի մակարդակը, նվիրումը, արդյունքները... ընդհանուր առմամբ, մենք առաջընթաց կունենանք բոլոր ասպեկտներում։ Մեզանից ոչ ոք դժգոհ չէ նրանից, թե ինչպես են ընթանում գործերը հիմա։ Բայց դա գործընթաց է, և մենք աշխատում ենք իրավիճակը բարելավելու ուղղությամբ»։

«Արդյո՞ք կիրառվել է «ռոք-ն-ռոլ» ոճի խաղը, որի մասին ես նախկինում խոսել եմ։ Մենք աշխատում ենք այդ գործոնիի վրա, մեզ ժամանակ է պետք։

Իմ ղեկավարած «Ռեալը» չի՞ տարբերվում Անչելոտիի «Ռեալից»։ Այսպիսին է գործընթացը, ցանկացած փոփոխություն ժամանակ է պահանջում, ոչ մի փոփոխություն ակնթարթորեն տեղի չի ունենում։

Եթե նայենք վերջին 3 խաղերին, կան բաներ մեր խաղում, որոնք ինձ դուր չեն եկել, և մենք արդեն քննարկել ենք դրանք։ Բայց եթե հետ նայենք, մենք նաև մի քանի լավ բան ենք արել։

Այնուամենայնիվ, վերջին շրջանում մենք հետևողական չենք եղել խաղի որոշակի փուլերում, և դա է պատճառը, որ վատ հանդիպումներ ենք անցկացրել»։

 «Այսօր առավոտյան ես խոսել եմ նախագահ Պերեսի հետ։ Բացի այդ, ես պարբերաբար շփվում եմ «Ռեալի» գլխավոր տնօրեն Սանչեսի հետ, մենք լավ հարաբերություններ ունենք նրա հետ։ Մենք մշտապես կապի մեջ ենք»։


Ամենակարդացված