Մադրիդի «Ռեալը» կորուստ ունի Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպումից առաջ։ Թիմի կենտրոնական պաշտպան Դին Հաուսենը շարքից դուրս է եկել վնասվածքի պատճառով։
Ինչպես հայտնում է Marca պարբերականը, 20-ամյա ֆուտբոլիստը վնասել է քառագլուխ մկանը։ Այս վնասվածքի պատճառով մարզիկը ստիպված կլինի բաց թողնել Չեմպիոնների լիգայի այսօրվա հանդիպումը հունական «Օլիմպիակոսի» դեմ։
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ Հաուսենը, հավանաբար, չի հասցնի ապաքինվել նաև նոյեմբերի 30-ին կայանալիք Լա Լիգայի՝ «Ժիրոնայի» դեմ խաղին։ Դեկտեմբերի 3-ին «Ատլետիկ» (Բիլբաո) ակումբի դեմ հանդիպմանը նրա մասնակցությունը նույնպես կասկածի տակ է։
Ավելի վաղ՝ կիրակի օրը, իսպանացին աչքի էր ընկել արդյունավետ գործողությամբ։ Պաշտպանը գոլ էր խփել, որով օգնել էր «սերուցքայիններին» խուսափել պարտությունից «Էլչեի» դեմ խաղում, որն ավարտվել էր 2։2 հաշվով։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է € 70 մլն։
Հայերեն