Հոդվածներ

Ջուդ Բելինգեմ․ «Ցանկանում ենք տիտղոսը տանել Մադրիդ»
09.07.2025
203 0

Ջուդ Բելինգեմը հարցազրույց է տվել Realmadrid TV-ին՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում կայանալիք ՊՍԺ-ի դեմ խաղից մեկ օր առաջ։

Անգլիացին, որը մեկ խաղ է հեռու «Ռեալի» կազմում 100 հանդիպում անցկացնելուց, ասել է․

«Շատ հպարտ եմ, որ կարողացել եմ հասնել այդ ցուցանիշին։ Բոլորը գիտեն՝ «Ռեալի» կազմում 100 խաղ անցկացնելը մեծ երազանք է, որը դարձել է իրականություն, և մեծ նվաճում։ Դեռ չեմ կարողանում հավատալ՝ ինչ է նշանակում խաղալ այս ակումբում։ Այս ակումբը 100 անգամ ներկայացնելը անհավատալի է, մեծ նվաճում ինձ և իմ ընտանիքի համար։ Հույս ունեմ՝ դեռ 100 խաղ էլ կլինի»։

«Շատ երազանքներ արդեն կատարվել են։ Հաղթել ենք Չեմպիոնների լիգան, Լա Լիգան, խաղացել հրաշալի ֆուտբոլիստների հետ, անցկացրել կարևոր հանդիպումներ, խփել նշանակալի գոլեր, հասել մեծ նպատակների... այս ամենը «Ռեալի» ֆուտբոլիստ լինելու երազանքի մի մասն է։

Ցանկանում եմ շարունակել հասնել մեծ հաջողությունների։ Օգնել թիմին հաղթելու առաջիկա երկու խաղերում, տանել տիտղոսը «Ռեալ» ու շարունակել հավերժացնել ակումբի մեծությունը։ Սպասելիքները հսկայական են, քանի որ սա աշխարհի ամենամեծ ակումբն է, բայց ինձ դուր է գալիս այդ ամենը, և համոզված եմ՝ ուզում եմ դրա մասը լինել»։

Դերը խաղերում

«Նույն խաղում տարբեր դերերում եմ լինում։ Պաշտպանական պարտականություններ ունեմ, բայց նաև գնդակով այլ դեր նույնպես։ Ամեն խաղ հնարավորություն է՝ խաղալու տարբեր կերպ։

Ինձ դուր է գալիս, երբ տեսնում եմ անունս կազմի թերթիկի վրա ու պարզում, թե որ դիրքում եմ խաղալու։ Դա ինձ դուր է գալիս։ Ինչպես միշտ ասել եմ՝ կանեմ ինչ պետք է թիմի համար, անկախ դիրքից։ Իմ առավելություններից մեկն այն է, որ կարող եմ խաղալ տարբեր դիրքերում, և ինձ դուր է գալիս, որ մարզիչներն այդպես են տեսնում ինձ։ Կարող եմ կատարել ցանկացած ֆունկցիա։ 

Աշխարհի ակումբային առաջնություն

«Հասել ենք մրցաշարի վերջնագծին։ Երեք շաբաթից ավելի է այստեղ ենք, և դա հրաշալի փորձ է։ Ինձ հանգիստ եմ զգում և փորձում եմ չմտածել ավելին։ Խոսքը մարմինը և միտքը հանգիստ պահելու մասին է։ Լավ մարզվել ենք՝ պատրաստվելով դժվար խաղի Եվրոպայի ներկա չեմպիոնի դեմ։ Գիտենք, որ դժվար խաղ է լինելու, բայց կանենք ամեն ինչ՝ հաղթելու համար»։

ԱՄՆ-ում երկրպագուները

«Անհավատալի է։ Տարօրինակ է, որովհետև կարծում ես՝ կարող ես գնալ Ամերիկայի այդ քաղաքները, ու ոչ ոք չի ճանաչի քեզ։ Կմտածես՝ կարող ես հյուրանոցով կամ քաղաքով շրջել անանուն, բայց կարծում եմ՝ այդ ամենը ակումբի մեծության պատճառով է։ Մարդիկ շարժվում են ակումբի հետևից՝ որտեղ էլ լինենք։

Երբ Նյու Յորքում էինք, մարդիկ շինարարական հարթակների վրա էին բարձրացել հյուրանոցի մոտ՝ փորձելով տեսնել, թե ինչ է կատարվում ավտոբուսի մեջ։ Անհավատալի է, իսկ խաղերը խելահեղ են։ Շատերն ասում են՝ նախորդ խաղում ստադիոնը լեփ-լեցուն էր։ Ամեն խաղին մոտ 75 հազար հանդիսական։ Անհավատալի է։

Հրաշալի փորձ է՝ տեսնել, թե ինչպես են գնահատում մեզ որպես թիմ։ Սա հիշեցնում է՝ ինչքան մեծ է ակումբը։ Աշխարհի ամենամեծը։ Այլ ակումբների հետ նման բան չես տեսնի։ Ուրախություն է լինել այս ամենի մի մասը, և շնորհակալություն Ամերիկայի բոլոր երկրպագուներին՝ աջակցության համար»։


Ամենակարդացված