Աշխարհի ակումբային առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Ֆիլադելֆիայում կմրցի «Պաչուկայի» հետ (27.06.2025 05:00):
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը
«Զալցբուրգի» դեմ վաղվա խաղում ունենք երկու նպատակ՝ հաղթել և խմբում զբաղեցնել առաջին տեղը, ինչպես նաև խաղալ վստահ՝ և գնդակով, և առանց դրա»։
«Ինչպե՞ս են ֆուտբոլիստները արձագանքում իմ հորդորներին։ Մենք շատ ենք շփվում։ Նրանց մոտ կա նվիրում, լուրջ վերաբերմունք և սովորելու մեծ ցանկություն։ Ես ամեն ինչ բացատրում եմ թղթի վրա, և նրանք արագորեն ընկալում են։
Արդյոք մարտավարական առումով գնու՞մ եմ զիջումների՝ լիարժեք նախապատրաստական փուլի բացակայության պատճառով։ Դա ընդամենը առաջնահերթությունների ճիշտ դասավորության հարց է։ Փորձում եմ կենտրոնանալ հիմնական մարտավարական տարրերի վրա։ Համոզված եմ, որ մրցաշարի ավարտից հետո մենք ավելի ուժեղ կլինենք, քան մեկնարկին»։
«Ես «Ռեալում» եմ, որպեսզի օգնեմ ակումբին հաղթել։ Լինել «Ռեալի» մարզիչ՝ մեծ պատիվ է և արտոնություն։ Որ մրցաշարում էլ հանդես գանք, մենք պարտավոր ենք պաշտպանել ակումբի գերբը և պայքարել տիտղոսի համար։ Դա վերաբերում է թե՛ խաղացողներին, թե՛ մարզչին։
Իմ ֆուտբոլային փիլիսոփայությո՞ւնը։ Դա բարդ գործընթաց է։ Պետք է տարբեր փուլերում ճիշտ որոշել առաջնահերթությունները։ Չէ՞ որ միշտ հնարավոր չէ ամեն ինչ միանգամից իրականացնել, բայց ես փորձում եմ գլխում պահել ամենակարևորը։ Իմ մարզչական կարիերայի սկզբում «Ռեալում» մենք կխաղանք միատիպ ոճով, իսկ հետագայում՝ ավելի ճկուն»։
«Տեսնում եմ, որ Ռոդրիգոն դեռ լավ մարզավիճակում է և մեծ մոտիվացիա ունի։ Նրա բացակայությունը «Պաչուկայի» դեմ խաղում պարզապես մարզչական որոշում էր։ Նա դեռ կարևոր է մեզ համար, այդ թվում՝ ԱԱԱ-ում։ Նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է, ով կարևոր դեր է ունենալու մեր կազմում»։
«Մաստանտուոնոյի ձեռքբերումն արդյոք նշանակու՞մ է մեկ ուրիշ խաղացողի հեռացում «Ռեալից»։ Ես շատ գոհ եմ իմ բոլոր խաղացողներից և հույս եմ դնում բոլորի վրա։ Մեզ սպասվում է շատ բարդ մրցաշրջան՝ 50-60 խաղով։ Ուստի պետք է ունենանք մրցակցային կազմ»։
«Հաուսենը «Ռեալի» առանցքային խաղացողներից է։ Նա մեզ համար շատ կարևոր է, սակայն պետք է շարունակենք նրան աջակցել, որովհետև նա դեռ աճելու տեղ ունի»։
«Ուրախ էի տեսնել Մբապեին այսօրվա մարզմանը։ Կիլիանը լավ վիճակում է, բայց դեռ պատրաստ չէ խաղալ «Զալցբուրգի» դեմ։ Մենք նախընտրեցինք, որ նա պատրաստ լինի ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի խաղին»։
«Մենդիին դեռ ժամանակ է պետք՝ լիովին վերականգնվելու համար։ Իսկ Կամավինգան բավական արագ է ապաքինվում և հաճախ է մարզվում թիմի հետ։
Չեմ կարող ասել՝ արդյոք Էդուարդոն կվերադառնա՞ առաջիկա խաղերին, բայց հուսով ենք՝ շուտով կտեսնենք նրան խաղադաշտում։ Կամավինգան բարձրակարգ ֆուտբոլիստ է, նա մեզ անհրաժեշտ է։
Ալաբայի վերականգնումը մի փոքր ավելի երկար կտևի, սակայն նա իրեն լավ է զգում»։
«Վալվերդեին խաղադաշտում օգտագործելու տարբեր գաղափարներ ունեմ։ Նա անհավանական ֆուտբոլիստ է՝ բազմաթիվ անհատական ունակություններով։ Ֆեդերիկոն կարող է խաղալ մի շարք դիրքերում, այդ թվում՝ եզրային»։
«Շատ գոհ եմ Բրահիմից։ Նա մրցունակ խաղացող է, ունի կարողություններ խաղերի ընթացքը փոխելու՝ լինի դա փոխարինմամբ դուրս գալով 20-30 րոպե, թե մեկնարկային կազմում»։
«Հնարավո՞ր է հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» հետ ԱԱԱ-ի 1/8-ում։ Այո, ես տեսել եմ, որ որոշ հանգամանքներում կարող ենք հանդիպել «քաղաքայիններին», բայց մենք վաղը հաղթելու ենք»։
«Բելինգհեմը մեզ համար լինելու է անչափ կարևոր։ Ջուդը հաճախ է ներգրավվում կիսապաշտպանության գոտում գրոհների կառուցման ժամանակ՝ օգնելով պահել թիմի հավասարակշռությունը, բայց շարունակում է ներխուժել մրցակցի տուգանային և խփել գոլեր։ Դա արդեն տեսանք «Պաչուկայի» դեմ խաղում»։
«Վինիսիուսի պաշտպանական աշխատա՞նքը։ Բոլոր 11 խաղացողները պետք է պաշտպանվեն՝ Վինիսիուս, Բելինգհեմ, Վալվերդե, Մբապե... Բացի այդ, բոլորս պետք է իմանանք՝ ինչպես ճնշել մրցակցին։ Առանց դրա դժվար կլինի հասնել մեր նպատակներին»։
«Արդյոք «Ռեալ Մադրիդը» հետաքրքրվա՞ծ էր «Բայերի» կենտրոնական պաշտպան Ինկապյեով։ Այդ մասին ոչինչ չեմ կարող ասել և չեմ ցանկանում խորանալ թեմայի մեջ։ Նա իմ մեծ հարգանքն է վայելում։ «Բայերում» մեր համատեղ աշխատանքը հիանալի ժամանակաշրջան էր բոլորի համար»։