Հոդվածներ

Ալոնսո․ «Ինձ այդքան էլ դուր չեկավ մեր առաջին խաղակեսը»
19.06.2025
457 0

Աշխարհի ակումբային առաջնությունում Մադրիդի «Ռեալը» մեկնարկեց «Ալ Հիլյալի» դեմ ոչ–ոքի՝ 1։1 արդյունքով

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Ինձ այդքան էլ դուր չեկավ մեր առաջին խաղակեսը։ Երկրորդում մենք մեզ շատ ավելի լավ դրսևորեցինք․ ավելի շատ վտանգավոր պահեր ունեինք մրցակցի դարպասի մոտ, ավելի շատ էինք վերահսկում գնդակը, արագ էինք գործում և ընդհանուր առմամբ ավելի լավ էինք ղեկավարում խաղը։

Ընդմիջմանը ես ֆուտբոլիստներին խնդրեցի մի փոքր համբերատար լինել գնդակով և չշտապել։ Միանշանակ, խաղի երկրորդ կեսում մենք ավելի լավ էինք։

Ես այդքան էլ շատ ժամանակ չեմ անցկացրել «Ռեալի» ֆուտբոլիստների հետ։ Մենք պետք է յուրաքանչյուր խաղից օգտակար բաներ քաղենք ու դասեր սերտենք՝ առաջընթաց ունենալու համար։ Անկասկած, յուրաքանչյուր հանդիպում մեզ դաս կպատրաստի, որպեսզի կարողանանք դառնալ ավելի ուժեղ։

Հիասթափվա՞ծ եմ, Ոչ։ Հնարավոր է՝ որոշ բաներ կային, որոնք ուզում էինք այլ կերպ անել, և որոնք պետք է ավելի լավ անենք, բայց այդ գործընթացը ժամանակ կպահանջի։ Մենք դա գիտակցում ենք և պետք է դրական մտածենք։

Մենք պետք է ավելի լավ գործենք գնդակով։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի երկար էինք պահում գնդակը և խաղում էինք մրցակցի տուգանայինի մերձակայքում։ Մենք լավ խաղացինք երկրորդ կեսում, բայց դա բավական չէր»։

«Մենք միշտ երկու կենտրոնական պաշտպանո՞վ ենք խաղալու։ Չգիտեմ։ Այս պահին մեր կազմում այնքան էլ շատ կենտրոնական պաշտպաններ չունենք։ Երկու ԿՊ-ով դասավորությունը մեր համար մեկնարկային տարբերակ է»։

«Վինիսիուսի մոտ մկանային ձգումներ սկսվեցին 70-րդ րոպեին՝ շոգի և խոտածածկի որակի պատճառով, դրա համար էլ նա փոխարինվեց, իսկ Ասենսիոն հակաբիոտիկներ է ընդունում և պարզապես չէր կարող շարունակել խաղալը»։

«Կարծում եմ՝ Ֆրանի նկատմամբ խախտման համար «Ալ Հիլյալի» դարպասին նշանակված 11–մետրանոցը արդարացի էր, իսկ Ասենսիոն կարող էր խուսափել մեր դարպասին 11–մետրանոց բերելուց»։

 «Չգիտեմ՝ Մբապեն կվերադառնա՞ արդյոք «Պաչուկայի» դեմ խաղին (22.06, 23։00 ԵԺ)։ Վերջին երկու օրերին նա իրեն այնքան էլ լավ չի զգում, որովհետև հիվանդացել է։ Կտեսնենք»։

«Ցանկանում եմ շնորհավորել Հաուսենին և Տրենտին՝ «Ռեալ Մադրիդի» կազմում իրենց առաջին խաղի համար։ Այս օրը նրանց համար հատուկ է, և ես ուրախ եմ նրանց համար։ Նրանք երկուսն էլ շատ կարևոր կլինեն մեզ համար»։

«Մենք մեծ հույսեր ենք կապում Մաստանտուոնոյի հետ։ Նա մեզ կօգնի հենց այն պահից, երբ միանա թիմին։ Իհարկե, Ֆրանկոն կարող է խաղալ ինչպես մեկնարկային կազմում, այնպես էլ փոխարինման դուրս գալ խաղերի ընթացքում։ Մեր նպատակը նրա՝ թիմին առաջին իսկ օրվանից օգնելն է։ Բայց ժամանակը ցույց կտա»։


Ամենակարդացված