Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Զարմացած չեմ այդ փաստից»
19.09.2025
238 0

Իսպանիայի առաջնության 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Էսպանյոլի» հետ (20.09.2025, 18:15):

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը.

 «Մբապեն անձեռնմխելի՞ է։ Կիլիանը մեզ համար չափազանց կարևոր է, բայց դեռ շատ խաղեր կան առջևում, և որոշներում նա սկսելու է պահեստայինների նստարանին»։

«Հաուսենի որակազրկո՞ւմը։ Մի կողմից՝ ինձ չի զարմացնում, որ այն չչեղարկեցին։ Մյուս կողմից՝ եթե ընդունվել է, որ մրցավարի սխալ է եղել, ապա որակազրկում էլ չպետք է լիներ։ Կուզեի, որ Հաուսենը վաղն իմ տրամադրության տակ լիներ, բայց նա բացակա է լինելու»։

«Իմ կարծիքով Վինիսիուսը լավ է։ Երեկ չեմ խոսել նրա հետ, բայց այսօր նա ինձ ավելի դրական ու ժպտերես թվաց։ Շփվեցինք, բայց ոչ շատ։ Վաղը կտեսնենք՝ արդյոք նա խաղը կսկսի մեկնարկային կազմում։

Վինիսիուսին իր լավագույն խաղամակարդակին վերադարձնե՞լ։ Ինչպես արդեն ասացի, մենք երեկ ժամանակ չունեցանք խոսելու։ Մրցաշրջանի սկզբից ընդամենը 5 խաղ է անցել, դեռ երկար ճանապարհ կա։ Պետք է գնալ առաջ՝ քայլ առ քայլ։

Կարծում եմ՝ մեր թիմում շատ կարևոր ֆուտբոլիստներ կան, որոնք իրենց մակարդակով ու փորձով շատ են մեզ ուժեղացնում։ Վինիսիուսը, Ջուդը, Դանին, Օրելյենը, Արդան… ես բարձր եմ գնահատում յուրաքանչյուրին և ուզում եմ, որ նրանք իրենց կարևոր զգան»։

 «Ռոդրիգոն ունի խաղը առաջ տանելու և որակյալ համագործակցություն ունենալու հատկություններ… բայց այդ նույն հատկանիշներն ունի նաև Վինին։ Այսպես թե այնպես, նրանք երկուսն էլ մեզ օգնում են թե՛ մեկնարկային կազմում, թե՛ խաղադաշտ դուրս գալով նստարանից»։

 «Վալվերդեն այլևս երբեք աջ պաշտպանի դիրքում չի՞ խաղա։ Դա չեմ կարող երաշխավորել, բայց մեր գաղափարն է օգտագործել նրան կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Ֆեդեն մեր համակարգի հիմքն է, նա շատ կարևոր է թիմի համար»։

«Բելինգեմը և Կամավինգան գուցե վաղը խաղային պրակտիկա ստանան, թեև ընդհանուր խմբի հետ դեռ երկար չեն մարզվել»։

«Մոուրինյոյի դեմ դիմակայությունը ՉԼ-ու՞մ։ Ես արդեն խաղացել եմ նրա դեմ, երբ նա «Ռոմայի» գլխավոր մարզիչն էր, իսկ ես՝ «Բայերի»։ Նրա համար «Ռեալի» դեմ հանդիպումը լինելու է առանձնահատուկ իրադարձություն։ Նա մեր թիմը ղեկավարել է 3 շատ լարված ու կարևոր տարիներ և խորապես կապված է ակումբի հետ»։

«Տրիբունաներից հնչող վիրավորանքնե՞րը։ Եթե մեր աշխարհը իդեալական լիներ՝ դրանք չէին լինի։ Ես չեմ բողոքում, որովհետև ուշադրություն չեմ դարձնում դրան, բայց դա կարող է ազդել թիմի վրա։ Ցավոք, մենք պետք է սովորենք ապրել այդ իրողության հետ»։


Ամենակարդացված