Մնում են հաշված օրեր, մինչև Խաբի Ալոնսոյի հետ «Ռեալի» նոր դարաշրջանի պաշտոնական մեկնարկը։
Այնուամենայնիվ, մինչը այդ էլ արդեն առկա են բազմաթիվ հարցեր իսպանացի գլխավոր մարզչի տակտիկական մտահղացումների վերաբերյալ։ Դրանք կհստակեցվեն հունիսի 18-ին, երբ «Ռեալը» ԱԱԱ–ի շրջանակներում հանդիպի «Ալ Հիլալին»։
Շնորհանդեսի ընթացքում Ալոնսոն որոշ ակնարկներ արեց։ Նրա ամենահստակ մեկնաբանությունը սա էր․ «Բելինգեմին տեսնում եմ որպես կիսապաշտպան»։ Կարճ, բայց խոսուն հայտարարություն անգլիացու դերի վերաբերյալ իր համակարգում։
Սա փոքր մանրուք չէ։ Ընդհակառակը։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Ջուդ Բելինգեմի դիրքն արդեն բազմիցս եղել է քննարկումների կենտրոնում։ Եթե «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում նա խաղում էր որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան, ապա այս տարի դարձավ ավելի բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ և պետք է հավասարակշռեր մի թիմ, որը Մբապեի ժամանումից հետո ամբողջությամբ անցել էր հարձակողական ոճի։
Նրա արդյունավետությունը նվազեց, և Անչելոտին ստիպված եղավ մի շարք փոփոխություններ կատարել՝ Ջուդի լավագույն տարբերակը վերականգնելու համար։ Դաշտի կենտրոնում, ձախ եզրում կամ նույնիսկ աջում և նա դարձավ տակտիկական քամելեոն։
Բելինգեմը 2023/24 մրցաշրջանն ավարտեց 14 գոլով, սա 9 գոլով պակաս է «Ռեալում» իր առաջին մրցաշրջանից, թեև խաղացել է 8 խաղ ավելի։ Բայց ամենանշանակալի փաստն այն էր, որ Բելինգեմի անվերջ նվիրումը երբեմն չէր վերածվում արդյունավետության։
Առաջին տարում նրա հարձակողական գործողությունները հիմնականում կենտրոնացած էին աջ եզրում և տուգանային հրապարակից դուրս։ Իսկ այս մրցաշրջանում նրա տեղաշարժերը շատ ավելի բաշխված էին․ նա հաճախ հայտնվում էր դաշտի տարբեր հատվածներում՝ ինչպես ցույց են տալիս «BeSoccer Pro»-ի վերլուծական տվյալները։
Նրա անդադար շարժունակությունն ու եռանդը՝ երբեմն նույնիսկ չափազանցված, գրավել էին Թոմաս Տուխելի ուշադրությունը մարտին՝ հավաքականի դադարի ժամանակ։ «Նա միշտ պատրաստ է տալ իր լավագույնը, բայց մենք պետք է օգնենք նրան, որպեսզի նա կարողանա խնայել ուժերը վճռորոշ պահերի համար», – ասել էր Անգլիայի նոր գլխավոր մարզիչը։
«Ջուդի համար գրեթե ցանկացած դիրք կարող է դառնալ հատուկ, որովհետև նա ինքն է հատուկ խաղացող։ Նա լինելու է հիմնասյուն, և կարծում եմ՝ ճիշտ դիրքում է, որպեսզի դառնա իրական առանցք։ Ես նրան տեսնում եմ որպես կիսապաշտպան, և նպատակը կլինի նրան հնարավորինս արդյունավետ դարձնելը», – ասել է Խաբի Ալոնսոն։