Հոդվածներ

«Ռեալը» հունվարի տրանսֆերային պատուհանի մասին ևս չի մտածում
01.11.2020
1956 0

Մադրիդի «Ռեալը» շարունակում է «շոշափել» տարեկան բյուջեն ու հարմարվել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսական իրավիճակին:

Հաշվարկներն էլ իրենց հերթին խոստումնալից չեն, քանի որ խաղերն անցկացվում են առանց հանդիսականների, «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնից հեռու, ընդ որում՝ այնքան ժամանակ թիմը կխաղա «Ալֆրեդո դի Ստեֆանոյում», մինչև հիմնական մարզադաշտը պատրաստ լինի շահագործման:

Իրականությունն այն է, որ բյուջեն կկրճատվի, իսկ եկամուտները կնվազեն շուրջ 200 միլիոն եվրոյով, իսկ դրա պտուղները թիմն անպայման կքաղի հունվարին: «Սպիտակները» կշարունակեն ամռանը որդեգրած ռազմավարությունը. ձեռքբերումներ չեն լինի:

Ծրագրերում միայն ֆուտբոլիստների վաճառք կա: Զինեդին Զիդանը պատրաստ է բաց թողնել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Լուկա Յովիչն ու Մարիանո Դիասը: Բայց սա էլ հեշտ չի թվում:

Սա այն իրողությունն է, որ կա թիմում, ու թիմը չի ցանկանում պատրանք ստեղծել, թե ամեն բան կարգին է, իդեալական, քանի որ բարդ ժամանակահատված է, ու ամեն բան կկարգավորվի միմիայն այն ժամանակ, երբ կյանքը նորմալ հուն վերադառնա, երկրպագուները՝ ստադիոն: 

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ «Ռեալին» կազմի ուժեղացում հարկավոր է, սակայն թիմի ղեկավարությունը ոչ մի պարագայում չի ցանկանում վտանգի ենթարկել ակումբի ֆինանսական կայունությունը:

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստները միասին 65 միլիոն եվրո զիջեցին իրենց աշխատավարձերից, և սա թիմի ղեկավարությունը հարգում է ու գերադասում ցանկացած տրանսֆերային գործարքից:

«Ռեալի» տնօրինությունը շարունակում է վստահել ներկայիս կազմին, իսկ Զիդանը ֆուտբոլիստներին ռոտացիայի է ենթարկում այնպես, ինչպես ցանկանում է: Սա չի նշանակում, որ սպորտային կառավարումը թիմում չի գործում, բայց միաժամանակ մարզիչն էլ է հասկանում, որ կարգավորվելու համար ժամանակ է պետք: Գործարք կլինի միմիայն առաջին անհրաժեշտության դեպքում, իսկ դա այս պահին չկա:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված