Հոդվածներ

Լուիս Էնրիկեի պարզաբանումը
24.05.2021
4062 0

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ նաև անդրադարձել է այն փաստին, որ թիմի հայտացուցակում չկա ոչ մի «Ռեալի» ֆուտբոլիստ։

Ռամոսի մասին

«Նա չի կարողանում նորմալ խաղալ ու մարզվել, բայց որոշումը հեշտ չտրվեց։ Երեկ ես նրան զանգահարեցի ու երկար զրույց ունեցա։ Գիտեմ, որ Սերխիոն մեծ պրոֆեսիոնալ է ու մշտապես օգուտ է բերել հավաքականին, բայց ես ճիշտ որոշում եմ կայացրել մեր թիմի համար, ինչը պետք է անեի, որպես գլխավոր մարզիչ։ Ես նրան նաև խորհուրդ եմ տվել մտածել սեփական անձի մասին ու հանգիստ վերականգնվել վնասվածքներից։

Ինչ վերաբերում է նրա ռեակցիային, ապա նրա թեկնածությանը վերաբերող ցանկացած որոշում վիճելի կլիներ։ Այս ցուցակը վերջնական է ու փոփոխությունների չի ենթարկվի, այնպես որ ես չեմ սպասում Սերխիոյի ապաքինվելուն։

Ես Օլիմպիական հավաքականի մարզիչը չեմ, ուստի նաև չգիտեմ՝ արդյոք նա կհայտնվի Օլիմպիական հավաքականում, թե ոչ»։

Նաչոյի մասին

«Ես կասկածի տակ չեմ դնում նրա խաղային որակները։ 2-3 ֆուտբոլիստ կա, որ կարող էին հայտավորվել 26 հոգուց բաղկացած հայտացուցակում, բայց ես որոշում կայացրի, որ հավաքականի հայտացուցակը 24 ֆուտբոլիստից բաղկացած կլինի»։

«Ռեալի» ֆուտբոլիստների բացակայությունը հայտացուցակում

«Եթե Կարվախալի ու Ռամոսի հետ ամեն բան կարգին լիներ, ապա ես նրանց կհրավիրեի։ Ես որոշում կայացնում եմ հիմնվելով ոչ թե ակումբային պատկանելիության, այլ հօգուտ հավաքականի»։


Ամենակարդացված