Գարեթ Բեյլը ավարտել է իր ֆուտբոլային կարիերան 33 տարեկանում` 2023 թվականին, սակայն պատրաստվում է վերադառնալ ֆուտբոլ՝ նոր կարգավիճակով։
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը 46 միլիոն եվրոյից ավելի առաջարկ է ներկայացրել իր ծննդավայրի ակումբը՝ «Քարդիֆ Սիթին» գնելու համար։
«Մենք հետաքրքրված ենք «Քարդիֆով». դա իմ ծննդավայրի ակումբն է, ես այնտեղ եմ մեծացել, և իմ քեռին՝ Քրիս Փայքը խաղացել է այդ թիմում», – ասել է Բեյլը։
«Քարդիֆ Սիթիի» ներկայիս սեփականատերը՝ Վինսենթ Թանը, պատրաստ է վաճառել ակումբն այն բանից հետո, երբ թիմը մայիսին զրկվել է «Չեմպիոնշիփում» հանդես գալու հնարավորությունից։
«The Times» թերթը հայտնում է, որ Բեյլի գլխավորած կոնսորցիումը վաղուց է փնտրում թիմ գնելու հնարավորություն և նախկինում կապված է եղել «Փլիմութ Արգայլի» անհաջող ձեռքբերման փորձի հետ։
«Սեփականատերերի խմբի մաս կազմելը կլինի երազանքի իրականացում։ Ես կցանկանայի օգնել «Քարդիֆի» աճին և նրանց հասցնել Պրեմիեր լիգա, որտեղ, իմ կարծիքով, նրանք արժանի են լինել», – ասել է Բեյլը։
«Քարդիֆ Սիթին» արդեն մերժել է Բեյլի գլխավորած խմբի առաջին՝ չհրապարակված առաջարկը։
Նշենք, որ 46 միլիոն եվրոն, որը Բեյլը կարող է վճարել «Քարդիֆ Սիթիի» համար, ավելի քան երկու անգամ պակաս է այն գումարից, որը «Ռեալ Մադրիդը» վճարել էր նրա տրանսֆերի համար 2013 թվականին՝ 99 միլիոն եվրո։