Ջուդ Բելինգեմը կրկին ժպտում է։
«Պաչուկայի» դեմ խաղից հետո նա երջանիկ էր, բավարարված, և դա միայն խփած գոլի պատճառով չէ։ Նա իրեն լավ էր զգում խաղադաշտում, հարմարավետ, թեև լիարժեք ազատ կզգա իրեն միայն այն ժամանակ, երբ վերջապես կվիրահատի վնասված ուսը և կազատվի այդ խնդիրից՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։
Ինչպես ինքն է նշել, արդեն հոգնել է այս իրավիճակից և, գրեթե երկու տարի անց որոշել է վերջապես բուժել այն։
Անգլիացին նաև պարզ հասկացնել է տվել, որ իր ամենասիրելի դիրքը՝ հատկապես «Պաչուկայի» դեմ խաղում լավագույն խաղացող ճանաչվելուց հետո, մրցակցի դարպասին ավելի մոտ լինելն է։ Թեև խոստովանում է, որ նույնիսկ ինքն էլ երբեմն դժվարանում է հստակ նշել՝ որն է իր իդեալական դիրքը։
Բելլինգեմի ցուցանիշները «Ռեալ Մադրիդում» իսկական խենթություն են կիսապաշտպանի համար․
Լա Լիգա՝ 59 խաղ, 28 գոլ, 15 գոլային փոխանցում
Չեմպիոնների լիգա՝ 24 խաղ, 7 գոլ, 8 գոլային փոխանցում
«Շատ դժվար է դա բացատրել։ Ես նախընտրում եմ հնարավորինս շատ ներգրավված լինել խաղում, հնարավորինս շատ դիպչել գնդակին՝ լինի դա հարձակման գոտում, թե մի փոքր խորքում։ Ես լավ զգում եմ, թե որտեղ կարող եմ ստանալ գնդակը», – ասում է Ջուդը։
Բայց մի բանում նա վստահ է․ պատրաստ է խաղալ ցանկացած դիրքում՝ ըստ թիմի պահանջների։
«Կարծում եմ՝ եթե խաղում եմ խորքում, ապա ավելի շուտ եմ միանում խաղին և ավելի հաճախ եմ դիպչում գնդակին։ Եթե բարձր՝ գնդակն էլի կհասնի ինձ։ Ամեն ինչ կախված է ադապտացիայից և հասկանալուց՝ ինչն է պետք տվյալ պահին», – ավելացնում է նա։
Ոչ մի կասկած չկա, որ Բելինգեմը «Ռեալում» ամենավառ խաղերը անցկացրել է հարձակվողի թիկունքում։
«Անցած մրցաշրջանի վերջին խաղերում և առաջին մրցաշրջանում ես խաղում էի հենց այդտեղ՝ և դա իմ լավագույն հանդիպումներն էին։ Այսօր ևս ակտիվ մասնակցություն ունեցա խաղին՝ լինելով թե՛ վերևում, թե՛ ներքևում։ Փորձում եմ ցույց տալ իմ լավագույն խաղը անկախ դիրքից՝ լինի «ինը», «տասը»… Այդպես ինձ հարմար է։ Բայց ես կխաղամ այնտեղ, որտեղ ինձ կտեղավորի Խաբին՝ նա ֆուտբոլից լավ է հասկանում։ Ես կլինեմ այնտեղ, որտեղ ինձ կասեն»։
Իսկ «Ռեալ Մադրիդի» համար ամենալավ նորությունն այն է, որ հոկտեմբերի վերջին օրերից սկսած Բելինգեմը նորից կլինի 100%-ով պատրաստ՝ անկախ այն դիրքից, որտեղ կխաղա։ Իսկ ամենակարևորը՝ նա կրկին ժպտում է։