Լուկա Մոդրիչը կլքի Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո։ Ակումբը արդեն աշխատում է լեգենդար խորվաթի փոխարինողի ուղղությամբ։
Cadena SER-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինների» երկու հիմնական թեկնածուներն են Էնցո Ֆերնանդեսը («Չելսի») և Էկսեկիել Պալասիոսը («Բայեր»): Երկուսն էլ դիտարկվում են որպես ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի տակտիկական սխեմայում պոտենցիալ առանցքային խաղացողներ։
Հատուկ ուշադրություն է դարձվում Պալասիոսին, որի հետ Ալոնսոն արդեն աշխատել է Լևերկուզենում։ Արգենտինացին լավ ծանոթ է իսպանացի մարզչի պահանջներին և կարող է անմիջապես հարմարվել նրա տակտիկական գաղափարներին։ Այս մրցաշրջանում Բունդեսլիգայում նա մասնակցել է 24 հանդիպման՝ գրանցելով 1 գոլ և 6 գոլային փոխանցում։
Ֆերնանդեսն ավելի վառ մրցաշրջան է անցկացրել «Չելսիում»՝ 35 խաղում խփելով 6 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում ԱՊԼ-ում, սակայն նրա տրանսֆերը «Ռեալին» զգալիորեն ավելի թանկ է կարժենա։
Մադրիդյան ակումբը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն պարզ է մեկ բան՝ կիսապաշտպանությունում առաջիկայում սպասվում է խոշոր վերակառուցում:
Fanat, Realmadrid.am