Հոդվածներ

«Ռեալի» վերջին տրանսֆերային լուրերը՝ ամփոփ
01.03.2024
1737 0

«Ռեալ Մադրիդը» կենտրոնացած է առաջիկա ամռանը Մբապեի և Դևիսի տեղափոխության վրա, սակայն ակումբը նաև շատ այլ հարցեր ունի լուծելու։

«Սերուցքայինների» ղեկավարությունն այս պահին քննարկում է 9 ֆուտբոլիստի ճակատագիր, գրում է Marca–ն։

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Կրոսի հետ, քանի որ գերմանացին հանդիսանում է Անչելոտիի թիմի անձեռնմխելի ֆուտբոլիստը։ Այնուամենայնիվ, 34–ամյա կիսապաշտպանը ապագայի հարցով դեռ որոշում չի կայացրել։

Մրցաշրջանի ավարտից հետո Մոդրիչի հեռանալը կարելի է տրամաբանական համարել, չնայած վերջնական որոշում դեռ չկա։ Մադրիդցիները մարզական առումով արդեն պատրասվում են փոխարինել 38–ամյա խորվաթին, սակայն նրա տաղանդը, խարիզման ու առաջատարի որակները փոխարինելը հեշտ գործ չէ։

Նաչոյի ապագան իր ձեռքերում է։ 34–ամյա ավագը պետք է որոշի՝ ցանկանու՞մ է լինել կենտրոնական պաշտպանի դիրքի 4–րդ ընտրությունը՝ Միլիտաոյի ու Ալաբայի վերադարձից հետո։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Արիսաբալագան կվերադառնա «Չելսի», եթե որևէ անակնկալ տեղի չունենա։ «Ռեալը» ցանկանում է թիմում պահել Կուրտուա–Լունին զույգին։

Հավանական է, որ Լուկաս Վասկեսը ևս մեկ մրցաշրջանով կերկարաձգի համագործակցությունը «Ռեալի» հետ և կդառնա 32–ամյա Կարվախալին փոխարինողը։

Մենդիի պայմանագիրը լրանում է մեկ տարուց և Անչելոտին հետաքրքրված է 28–ամյա ֆրանսիացու հետ համագործակցությունը շարունակելու հեռանկարով։ Հաշվի առնելով Դևիսի հնարավոր տրանսֆերը, «սերուցքայինները» հնարավոր է հրաժեշտ տան Ֆրանի Գարսիային, որը նախորդ ամառ է 5 մլն եվրոյի դիմաց վերադարձել «Ռեալ»։

Գյուլերը քիչ խաղաժամանակ է ստանում և Մբապեի ու էնդրիկի ժամանելուց հետո իրավիճակն էլ ավելի բարդ կդառնա։ Ակումբը կարող է վարձակալության հանձնել 19–ամյա թուրք ֆուտբոլիստին։

Խոսելուի խաղը շատ է տպավորում «սերուցքայինների» ղեկավարությանը, սակայն նրա ապագան դեռ անորոշ է։

Մարինն ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ալավեսում» և ամռանը կվերադառնա «Ռեալ»։ 21–ամյա պաշտպանի ապագան, հնարավոր է, կախված լինի Նաչոյի որոշումից։


Ամենակարդացված