Հոդվածներ

Լուկա Մոդրիչ․ մի դարաշրջանի ավարտ
23.05.2025
490 0

Մադրիդի «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լուկա Մոդրիչը, «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղից հետո հրաժեշտ է տալիս «Սանտիագո Բեռնաբեուին»։ Այս մասին նա հայտնել է իր սոցիալական ցանցերում։

«Սերուցքայինների» ղեկավարությունը որոշել է չերկարացնել խորվաթ կիսապաշտպանի պայմանագիրը՝ փակելով անմոռանալի մի գլուխ, որ բացվել էր 2012-ին և հավերժ մնալու է մադրիդիստների սրտերում։ Աշխարհի ակումբային առաջնությունը նրա վերջին մրցաշարը կլինի «Ռեալի» կազմում։

Թեպետ Մոդրիչը ցանկանում էր մնալ ևս մեկ մրցաշրջան, նա տեղ չի գտնում ակումբի նոր սպորտային նախագծում, որը կենտրոնացած է կիսապաշտպանության սերնդափոխության վրա։ 39 տարեկանում Զադարի հանճարը ապացուցեց, որ տաղանդը տարիքի հետ կապ չունի, սակայն «Ռեալ Մադրիդը» որոշել է առաջ շարժվել առանց նրա։ Այնուամենայնիվ, նրա հեռանալը աննկատ չի անցնի։ «Բեռնաբեուն» կներկայանա հանդիսավոր մթնոլորտում՝ հրաժեշտ տալու մի եզակի ֆուտբոլիստին, ում վերջին տնային խաղում կուղեկցեն պատվով։ Նրան հետ մեկտեղ հրաժեշտ կտա նաև Կառլո Անչելոտին՝ մարզիչ, որի ղեկավարությամբ Մոդրիչը նվաճել է իր 6 Չեմպիոնների լիգայի գավաթներից 3–ը։

Լուկա Մոդրիչի հրաժեշտի ուղերձը

«Ժամանակն է եկել։ Ժամանակ, որը երբեք չէի ցանկանա ապրել, բայց ֆուտբոլն այսպիսին է, և կյանքում ամեն ինչ ունի իր սկիզբը և վերջը… Շաբաթ օրը ես վերջին անգամ կխաղամ «Սանտիագո Բեռնաբեուի» խաղադաշտում։

Ես այստեղ եկա 2012 թվականին՝ երազելով հագնել աշխարհի լավագույն ակումբի մարզաշապիկը և մեծ նպատակներ ունենալով, սակայն անգամ պատկերացնել չէի կարող այն, ինչ տեղի ունեցավ։

«Ռեալ Մադրիդում» խաղալը փոխեց իմ կյանքը՝ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ։

Ես հպարտ եմ, որ եղել եմ ակումբի պատմության ամենահաջող ժամանակաշրջաններից մեկի մասը։

Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ակումբին, մասնավորապես՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսին, իմ թիմակիցներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս տարիներին։

Այս ընթացքում ես ապրել եմ անհավանական պահեր․ անհնար թվացող վերադարձներ, եզրափակիչներ, տոնակատարություններ և կախարդական գիշերներ «Բեռնաբեուում»… Մենք հաղթել ենք ամեն ինչ, և ես իսկապես երջանիկ եմ եղել։ Անսահման երջանիկ։

Բայց ավելի կարևոր է մադրիդիստների սերը, որն ինձ միշտ ուղեկցել է։ Ես չեմ կարող բառերով փոխանցել այն յուրահատուկ կապը, որ ստեղծվել է մեր միջև՝ ձեր աջակցությունը, հարգանքը և սերը։ Երբեք չեմ մոռանա ձեր ամեն մի ծափահարություն և ջերմությամբ լի ժեստ։

Ես հեռանում եմ լի սրտով՝ հպարտությամբ, երախտագիտությամբ և անմոռանալի հիշողություններով։ Թեպետ աշխարհի ակումբային առաջնությունից հետո այլևս չեմ կրելու այս մարզաշապիկը խաղադաշտում, ես միշտ կմնամ մադրիդիստ։

Մենք դեռ կհանդիպենք։ «Ռեալ Մադրիդը» հավերժ կմնա իմ տունը»։

Hala Madrid y Nada Más!»

13 մրցաշրջանում Մոդրիչը նվաճել է գրեթե ամեն ինչ՝ դառնալով ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը

6 Չեմպիոնների լիգայի գավաթ

4 Լա Լիգայի տիտղոս

2 Իսպանիայի Գավաթ

5 Իսպանիայի սուպերգավաթ

5 ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ

5 Աշխարհի ակումբային առաջնություն

1 Միջմայրցամաքային գավաթ

Անհատական առումով նրա կարիերայի գագաթնակետը դարձավ 2018 թվականի «Ոսկե գնդակը», որով նա ավարտեց Մեսսիի և Ռոնալդուի երկարատև գերիշխանությունը՝ դառնալով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Այս հաջողությունը նա ապահովեց «Ռեալ Մադրիդում» իր փայլուն խաղով և Խորվաթիայի հավաքականին հասցնելով պատմական եզրափակիչ՝ աշխարհի առաջնությունում։ Նա նաև արժանացել է MARCA Leyenda մրցանակին, որը տրվում է միայն բացառիկ անհատականություններին։

Մոդրիչը երկրպագուների սրտերը գրավեց ոչ միայն տիտղոսներով, այլև իր խաղով։ Խաղի վերահսկման ունակությունը, ֆուտբոլային ինտելեկտը, տեխնիկան, դաշտի տեսլականը և բարձրակարգ որակը նրան դարձրել էին թիմի ուղեցույց։ Խաղի ռիթմի կառավարում, հիանալի փոխանցումներ, հարվածներ հեռվից և անընդմեջ պայքար պաշտպանությունում՝ նա դարձավ ունիվերսալ ֆուտբոլիստ։ Մաեստրո, որը միավորեց գեղեցկությունն ու արդյունավետությունը։

Նրա հեռանալով փակվում է ակումբի պատմության փառավոր էջերից մեկը՝ լեգենդար Կազեմիրո – Կրոս – Մոդրիչ եռյակը։ Նրանք տասնամյակ շարունակ իշխել են Եվրոպայում, դառնալով վերջին 10 տարում վեց Չեմպիոնների լիգայի հաղթանակների շարժիչ ուժը։ Այս եռյակը կմնա ֆուտբոլի պատմության մեջ որպես անհատականությամբ և միասնականությամբ եզակի օրինակ։

Դաշտից դուրս Մոդրիչը թողնում է առավել արժեքավոր ժառանգություն՝ որպես նվիրվածության, համեստության և պրոֆեսիոնալիզմի խորհրդանիշ։ Նա միշտ մարմնավորել է «Ռեալ Մադրիդի» արժեքները, եղել է սիրելի հանդերձարանում, հարգված մրցակիցների կողմից և արժանացել ծափահարությունների նույնիսկ մրցակցի մարզադաշտերում։ Նրա սերը ակումբի նկատմամբ անսահման էր։

Նրա հեռանալով «Ռեալ Մադրիդը» կորցնում է ոչ միայն մեծ ֆուտբոլիստի։ Հեռանում է խորհրդանիշ։ Լուկա Մոդրիչի անունը արդեն հավերժ ոսկե տառերով գրանցված է «Ռեալ Մադրիդի» պատմության մեջ։


Ամենակարդացված