Նա մի քայլ էր հեռու թենիսիստ դառնալուց, սակայն հասավ Բեռնաբեու։ Կյանքը երբեմն անսպասելի շրջադարձեր է ունենում։ Եվ ամեն ինչ կարող է փոխվել ընդամենը մեկ շաբաթում
Այժմ արդեն պաշտոնական է՝ Մաստանտուոնոն դառնալու է «Ռեալի» ֆուտբոլիստ։ Ապագայի ձևակերպում, որովհետև այդպես է ստորագրվել՝ նա կխաղա Աշխարհի ակումբային առաջնությունում «Ռիվեր Փլեյթի» կազմում և կմիանա օգոստոսին, երբ կդառնա 18 տարեկան (օգոստոսի 14-ին)։
Նա իր սրտի ակումբի հետ կանցկացնի վերջին մրցաշարը։ Վերջինը։ Եվ դրանից հետո՝ դեռևս չգրված պատմություն։
Որպես ֆուտբոլիստ իրեն այսպես է բնութագրում. «Ձախլիկ եմ, սիրում եմ դրիբլինգ, ուղղակի գեղեցիկ խաղ և հեռվից հարվածներ»։
Մաստանտուոնոն նախընտրեց «Ռեալը»՝ մերժելով ՊՍԺ-ին
Երիտասարդության պարադոքսը․ երբ ավարտվի նրա պայմանագիրը «Ռեալի» հետ, նա կլինի ընդամենը 23 տարեկան։
Մաստանտուոնոն 1.77 մետր հասակ ունի, հայտնի է ստանդարտից կատարած հարվածներով և խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, թեև կարող է տեղափոխվել աջ եզր։ Իր հայտնի ոճն է՝ գնդակն ընդունել եզրում և դրիբլինգով ներս շարժվել։
Չնայած Լեո Մեսիի շնորհիվ Արգենտինայում «Բարսելոնայի» մեծ հետաքրքրվածությանը՝ Մաստանտուոնոն միշտ երկրպագել է «Ռեալին»։ Դա նրա երկրորդ թիմն էր՝ «Ռիվերի» հետ։ Նրա երազանքը։ Այժմ՝ իրականություն։
Եվ սա պատահական չէ։ Մաստանտուոնոն ընտրեց «Ռեալը»՝ ամեն ինչից վեր դասելով իր ընտրությունը։ Խոստումներ, գումար... ամեն ինչ։ Նրա ցանկությունը որոշիչ եղավ գործարքի համար, քանի որ ՊՍԺ-ն գործարքի 99%-ն արդեն ավարտել էր։ Առանցքայինը՝ ստորագրությունն էր։ Ալ Խելաիֆին գաղտնի աշխատել էր այդ ուղղությամբ մի քանի շաբաթ՝ մնացած մրցակիցների աչքից հեռու։ Լռության մեջ։ Բայց «Ռեալը» աչքեր ունի ամբողջ աշխարհում… և տեղեկացավ։ Հետևեց յոթօրյա երկրաշարժ՝ հունիսի 4-ից 11-ը, երբ ստորագրվեց պայմանագիրը։
Մադրիդում նրան հետևում էին ամիսներ շարունակ։ Գրեթե երկու տարի (անցյալ տարի նրա հրաժարագինը $15 մլն-ից դարձավ $45 մլն)։ Միշտ եղել է նպատակ, բայց ոչ՝ հրատապ։ Բայց խնդիրը այն էր, որ պետք է ստորագրել հիմա… կամ կորցնել։ Եվ նման պայմաններում այլ տարբերակ չկար՝ գործի դրվեց ամբողջ մեխանիզմը։ Կալաֆատը, որն արդեն Բուենոս Այրեսում էր, և Խոսե Անխել Սանչեսն անձամբ մեկնեցին Արգենտինա՝ ղեկավարելու բանակցությունները։ «Ռիվերը» մատնանշեց հրաժարագինը ($51 մլն), սակայն ակումբների միջև լավ հարաբերությունները հեշտացրին ամեն ինչ։
Հիշեցնենք՝ «Ռիվերի» նախագահ Խորխե Բրիտոն և փոխնախագահ Իգնասիո Վիլյառոելը այս մրցաշրջանում եղել են «Բեռնաբեուի» պատվավոր հյուրերի օթյակում՝ դիտելու «Ռեալ» – «Լեգանես» հանդիպումը։ Այդ լավ հարաբերությունները չնվազեցրին գինը, բայց թույլ տվեցին հասնել վճարման պլանի համաձայնության։ Ընդհանուր առմամբ «Ռիվերը» կստանա $51 մլն։ Դրան գումարվում են $20 մլն հարկեր։ Եվ փոքր բաժին կգնա «Մոնումենտալին»։ Ընդհանուր՝ $71 մլն «Ռեալի» գանձարանից։
Եվ Մաստանտուոնոն կգա։ Ֆուտբոլիստ, որը հաղթահարել է յոթ հուզիչ օր։ Նրա գործարքը ՊՍԺ-ի հետ գրեթե ամբողջությամբ փակված էր, բայց հանկարծ հայտնվեց «Ռեալը»։ Հենց այդ պահին նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, և նա սառեցրեց ամեն ինչ։ Նա միշտ հստակ գիտակցել է՝ «Ռեալը՝ Ռեալ է»։ Նրա բառերով։ Լուիս Էնրիկեն նրան երկու անգամ է զանգահարել, բայց Խաբի Ալոնսոյի միակ տեսազանգը բավական էր, որպեսզի նա «հալչի»։ Նրա որոշումը պարզ էր։ Իսկ ակումբների միջև մի քանի օր տևած բանակցություններից հետո համաձայնություն ձեռք բերվեց։
Ե՞րբ կխաղա Մաստանտուոնոն «Ռեալում»
Միակ մանրուքը, որը դժվարությամբ լուծվեց, այն էր, թե երբ պետք է նա միանա «Ռեալին»։ Երեք տարբերակ կար՝ Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ, դրանից հետո կամ հունվարին։ Վերջում ընտրվեց երկրորդ տարբերակը։ Եվ դա՝ չնայած Մաստանտուոնոյի երազանքին՝ հաղթել «Լիբերտադորեսի» գավաթը ( նոյեմբերի 29-ին Լիմայում) և հետո միանալ «Ռեալին»։ Հեռանալ «Մոնումենտալից» որպես լեգենդ։
«Նա երկրի լավագույն թենիսիստներից մեկն էր», – հիշում է Գիյերմո Կորիան, որը նրան մարզել է մանկության տարիներին։ Մաստանտուոնոն ծնվել է 2007 թվականի օգոստոսի 14-ին և մասնակցել է ազգային մրցաշարերի։ Բայց ֆուտբոլը միշտ գրավել է նրան՝ հոր հորդորով, որը նույնպես մարզիչ էր։ 9 տարեկանում «Ռիվերի» սկաուտ Դանիել Բրիսուելան նկատեց նրան («Ներքին ձայնս ինձ ասաց՝ հանճար է, բացառիկ տաղանդ»), ու ցանկացավ հրավիրել։ Բայց ոչ՝ անմիջապես։
Մաստանտուոնոն ապրում էր Ազուլում՝ Բուենոս Այրեսից 300 կմ հեռավորության վրա՝ համեստ քաղաքում։ Եվ նա ընդամենը 9 տարեկան էր։ Ծնողները որոշեցին, որ նա դեռ պետք է շարունակի թենիս խաղալ։ Նա շարունակեց… բայց միայն երկու տարի։ Դրանից հետո ընդունեց «Ռիվերի» առաջարկը։ Եվ միացավ ակադեմիային։ Քչերին հատուկ վաղահաս տաղանդ։ 2019-ին նորամուտը նշեց պատանեկան թիմում՝ դառնալով առաջնության հաղթող, իսկ 2024-ին նա պատմություն գրեց՝ դառնալով «Ռիվերի» պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ նորամուտ ունեցող ֆուտբոլիստը (16 տարեկան և 167 օր)։
Այս մրցաշրջանը նրա համար ֆանտաստիկ էր, հիմնական կազմի ֆուտբոլիստ և արդեն 61 հանդիպում՝ 10 գոլ, 7 գոլային փոխանցում։ Միջինում՝ մասնակցություն գոլի ամեն 176 րոպեն մեկ։ Եվ այս թվերը՝ դեռևս անչափահաս տարիքում։
17 տարեկանում նա դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ գոլահարը (16 տարեկան, 5 ամսական և 24 օրական), «Լիբերտադորեսի» գավաթում՝ «Ռիվերի» ամենաերիտասարդ գոլահարը (16 տարեկան, 254 օրական), և «Բոկա Խունիորսի» դեմ ամենաերիտասարդ գոլահարը (17 տարեկան, 8 ամսական և 13 օրական)։ Վերջինն էլ՝ իր կարիերայի լավագույն գոլով՝ տուգանայինից ուղիղ վերին անկյունը։
Նրա խաղը նրան հասցրել է մեծահասակների ազգային հավաքական։ Շաբաթ գիշերը նա նորամուտը նշեց Չիլիի դեմ խաղում և այս ցուցանիշով նույնպես դարձավ ամենաերիտասարդը պատմության մեջ։