• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Չուամենին կզայրանա այս խոսքերից, բայց նա շատ լավ կենտրոնական պաշտպան է»

Հոդվածներ

Անչելոտի. «Չուամենին կզայրանա այս խոսքերից, բայց նա շատ լավ կենտրոնական պաշտպան է»
22.12.2023
1552 0

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթանակ տոնեց «Ալավեսի» նկատմամբ:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Դժվար հանդիպում էր և երբ մենք մնացինք 10 հոգով... բոլորը մտածում էին, որ այսօր հենց այն օրն է, երբ մենք թևաթափ կլինենք, սակայն այս թիմն անհայտ էներգիա ունի, որը մեզ հաղթանակի հանգեցրեց: Մենք շատ լավ էինք խաղում 10 հոգով, պաշտպանվում էինք և, վերջիվերջո, պարգևատրվեցինք»:

«Ռոդրիգոն փոքր-ինչ հոգնել է, ինչը հասկանալի է, քանի որ կես ժամ 10 հոգով էինք խաղում: Բոլոր ֆուտբոլիստներն ահռելի ջանքեր գործադրեցին: Ես կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի և ընդմիջման ենք գնում գոհացած. դժվար գիշեր էր, սակայն ահռելի ջանքերի շնորհիվ մենք հաղթեցինք»:

«Լուկասը հիանալի հանդիպում անցկացրեց: 2 խաղ անընդմեջ նա մեկնարկային կազմում էր և 1 ասիստ է կատարել ու 1 գոլ խփել՝ չնայած այն հանգամանքին, որ նա ցածրահասակ է, շատ վտանգավոր է մենապայքարներում»:

«Սուպերլիգա՞ն, կարևոր որոշում էր ամբողջ ֆուտբոլի և ակումբների համար: Ինչ-որ մեկին դա չի համոզի, սակայն պարզ է, որ համաշխարհային ֆուտբոլում չի կարող մոնոպոլիա լինել: Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի»:

«Բելինգեմի վեճը մրցավարների հե՞տ: Ջուդը չպետք է ոչինչ փոփոխության ենթարկի, նա հիանալի է կատարում իր առջև դրված խնդիրը»:

«Չուամենին կզայրանա այս խոսքերից, բայց նա շատ լավ կենտրոնական պաշտպան է: Նրա բախտը բերել է, որ կարող է խաղալ ինչպես հենակետայինի, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքում»:

«Ժիրոնայի» միավորների կորու՞ստը, հեշտ չէ «Բետիսի» հետ ոչ-ոքի խաղալ: Ես տեսել եմ այդ հանդիպումը, կատալոնացիները մրցաշրջանի առաջին կեսում իրենց բոլոր որակները ցույց տվեցին: Նրանք չեն խաղալու եվրագավաթներում, այդ իսկ պատճառով էլ մինչև վերջ պայքարելու են չեմպիոնության համար: Խոսքը վերաբերվում է նաև «Բարսելոնային» և «Ատլետիկոյին», որոնք նույնպես շատ լավ են խաղում»:

«Հարցազրույցն ավարտվե՞ց, երջանիկ սուրբծննդյան օրեր բոլորիդ»:


Ամենակարդացված