Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. հունվարի 10
10.01.2023
1774 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել հունվարի 10-ին:

• 1973

50 տարի առաջ Մանագուայի երկրաշարժից տուժածներին օգնելու համար կազմակերպված «Ատլետիկոյի» ու «Բենֆիկայի» միջև  բարեգործական-ընկերական խաղում Խուանիտոն շատ ծանր վնասվածք ստացավ: Հենց այս վնասվածքից հետո նա որոշեց հեռանալ «ներքնակների» թիմից: 4 տարի անց նա հայտնվեց իր երազանքի ակումբում՝ Մադրիդի «Ռեալում»:

• 1981

42 տարի առաջ ծնվել է Դավիդ Ագանսոն, «Ռեալի» սանն ու 1999-2000 մրցաշրջանում առաջին թիմի ֆուտբոլիստը, որը մասնակցել է 5 խաղի և հաղթել Չեմպիոնների լիգան:

Այս պահին նա AFE-ի իսպանացի ֆուտբոլիստների ասոցիացիա) և FIFPro-ի (Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիա) նախագահն է:

• 1982

41 տարի առաջ Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին»: Տանտերերը 2-0 հաշվով հաղթում էին, սակայն Գալյեգոյի (44'), Շտիլիկեի (82') ու Պինեդայի (85') գոլերի շնորհիվ «սերուցքայինները» բեկեցին խաղի ընթացքն ու առավելության հասան մրցակցի նկատմամբ:

• 1993

30 տարի առաջ Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 5-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»: Աչքի ընկան Սամորանոն (2), Բուտրագենյոն, Հիերոն ու Լուիս Էնրիկեն:

• 1998

25 տարի առաջ «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Ատլետիկոյի» հետ, իսկ գոլով աչքի ընկավ Սավիոն, որն առաջին գոլը խփեց Լա լիգայում «սերուցքայինների» մարզաշապիկով:

• 2011

12 տարի առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՖԻՖԱ-ի կողմից արժանացավ լավագույն մարզչի մրցանակին: 2009-2010 թվականներին պորտուգալացին մեծ հաջողությունների էր հասել Միլանի «Ինտերի» հետ:

Քվեարկությունում նա շրջանցել էր Վիսենտե դել Բոսկեին ու Պեպ Գվարդիոլային: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել էր Լիոնել Մեսին, իսկ տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվել էին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասն ու Կրիշտիանու Ռոնալդուն:

• 2021

2 տարի առաջ կյանքից հեռացել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պեդրո Կեսադան: Նա «արքայական» ակումբում ելույթ է ունեցել 1956-1957 և 1960-ից 1966 թվականներին:

Պաշտպանը մասնակցել է 123 հանդիպման ու խփել 1 գոլ՝ նվաճելով երկու Չեմպիոնների գավաթ, 1 Մինչմայրցամաքային գավաթ, 6 Լա լիգա, 1 Իսպանիայի առաջնություն ու 1 լատինական գավաթ:


Ամենակարդացված