Հոդվածներ

Դավիդ Ալաբա. «Ռեալի» պաշտպանության նոր առաջատարը
28.10.2021
1985 0

«Բարսելոնայի» դեմ խաղում Դավիդ Ալաբան ցույց տվեց իր իսկական որակները՝ հիանալի խաղ ցուցադրելով պաշտպանությունում, ինչպես նաև դառնալով թիմի առաջին գոլի հեղինակը։ 

«Օսասունայի» դեմ խաղում ևս Կարլո Անչելոտին որոշել էր նրան խաղադաշտ դուրս բերել մեկնարկային րոպեներից՝ չտալով հանգստանալու հնարավորություն։ Բացի այդ նա հնարավորություն տվեց երկրպագուներին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ողջունել Ալաբային «Կլասիկոյում» խփած գոլի համար։ 

Ալաբան շատ արագ ադապտացվեց թիմի խաղին և գնալով ավելի ստաբիլ ու որակյալ խաղ է ցուցադրում։ Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հասցրել է հանդես գալ թե՛ կենտրոնական, և թե՛ ձախ պաշտպանի դիրքերում։ 

Վարանի և Ռամոսի հեռանալուց հետո «Ռեալի» պաշտպանությունում զույգ են կազմել Միլիտաոն և Ալաբան։ Չնայած նրանց վրա եղած մեծ ճնշմանը, այս զույգը բավական արդյունավետ է։ 

Ալաբան շատ լավ միանում է նաև թիմի գրոհներին։ Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 

29-ամյա ավստրիացու ճիշտ դիրք ընտրելու, գնդակը լավ վերահսկելու և գրագետ փոխանցումների կատարելու ունակությունները այս մրցաշրջանում շատ են օգնել «Ռեալին»։ 

Այս ամենին զուգահեռ Ալաբան արդեն ցույց է տվել առաջատարի իր որակները։ Նա բազմիցս համախբել է թիմակիցներին այն իրավիճակներում, երբ թիմը խաղի ընթացքում դժվարություններ է ունեցել։ 

Եթե Բենզեման համարվում է թիմի առաջատարը, ապա այդ պարագայում վստահորեն կարելի է պնդել, որ Ալաբան այժմ «Ռեալի» պաշտպանության ընդգծված առաջատարն է։ 

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված