Հոդվածներ

Մաքմանման. «Հալանդը նախընտրում է «Ռեալը»
25.09.2021
2414 0

2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը լի էր անակնկալներով, և կարծես գալիք ամառային տրանսֆերային պատուհանը չի պատրաստվում զիջել նախորդին։ Հալանդը և Մբապեն լինելու են գլխավոր անունները գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում, իսկ «Ռեալը» պայքարելու է այդ երկու ֆուտբոլիստների տրանսֆերների համար։ 

Չնայած այն բանին, որ «ՊՍԺ»-ն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բաց չթողեց Կիլիան Մբապեին, ֆրանսիական ակումբը այդպես էլ չի կարողանում համաձայնության հասնել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցում։ Ինչ վերաբերում է Հալանդին, Դորտմունդի «Բորուսիան» հստակ հասկացրել է, որ այն ակումբը, որը ցանկանում է իր թիմում տեսնել նորվեգացուն, պետք է դատարկի գրպանները։

Սակայն գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն բան այլ է լինելու։ Մինո Ռայոլան նախատեսել է, որ հենց հաջորդ տարի է Հալանդը փոխելու իր ակումբային գրանցումը։ «Ռեալը» գլխավոր հավակնորդն է նրա տրանսֆերի համար, սակայն հետաքրքրվողների թվում այլ թոփ ակումբներ ևս կան՝ մասնավորապես «Լիվերպուլը»։

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ստիվ Մաքմանմանը վստահ է, որ «Արքայական» ակումբը առավելություն ունի մյուս ակումբների նկատմամբ Հալանդի տրանսֆերի հարցում։ 

«Կարծում եմ, որ «Լիվերպուլը» չի կարողանա մրցակցել «Ռեալի» հետ Հալանդի տրանսֆերի հարցում։ Անձամբ ֆուտբոլիստը նախընտրում է «Ռեալը», և նրան դուր է գալիս Մադրիդի կյանքը։ Երբ նման մակարդակի ֆուտբոլիստը փոխում է ակումբային գրանցումը,  գումարի չափը այդ պարագայում կարևոր դեր չի խաղում». նշել է Մաքմանմանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված