Հոդվածներ

Մարկո Ասենսիոյի վերածնունդը
24.09.2021
1563 0

«Մալյորկայի» դեմ խաղում մենք ականատես եղանք Մարկո Ասենսիոյի փայլուն ելույթին։ Այդ խաղում իսպանացին խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։ Իսկ փոխարինվելուց հետո Ասենսիոն արժանացավ երկրպագուների բուռն ծափահարություններին։ 

Մինչ այդ Ասենսիոն 7 անգամ խաղադաշտ էր դուրս եկել միայն երկրորդ կեսում և հազիվ թե ժամանակ էր ունեցել իր լավագույն որակները ի ցույց դնելու համար։ 

Վալվերդե-Կամավինգա- Ասենսիո երիտասարդ կիսապաշտպանական գծում իսպանացին փայլեց ոչ միայն իր եզրափակումներով, այլ նաև մեծ օգուտ տվեց թիմին ողջ խաղի ընթացքում։ Նա մեծ դեր խաղաց խաղի կառուցման առումով։ 

2009 թվականից ի վեր «Ռեալի» ոչ մի իսպանացի ֆուտբոլիստ հեթ-տրիկի հեղինակ չէր դարձել։ 2009-ին դա արել էր Ռաուլը՝ «Սևիլիայի» դեմ խաղում։ 

«Մալյորկայի» դեմ խաղին նախորդած երեք խաղերում Ասենսիոն խաղադաշտում անցկացրել էր ընդամենը 12 րոպե, և դա արդեն մտահոգիչ էր, և շատերը արդեն սկսել էին անհանգստանալ նրա ֆիզիկական վիճակի մասին։ 

«Մալյորկայի» դեմ խաղը միգուցե կստիպի Անչելոտիին ավելի լավ ուսումնասիրել Ասնեսիոյի թեկնածությունը մեկնարկային կազմում տեղի համար։ Այս պարագայում Անչելոտին կարող է նաև ավելի հաճախ հանգստի հնարավորություն տալ Լուկա Մոդրիչին, ով հազիվ թե կարողանա 36 տարեկանում մասնակցել բոլոր խաղերին։ 

Կարծես թե Ասենսիոն վերգտել է իրեն, և նրա՝ գոլահարի ունակությունները մտածելու առիթ կտան Կարլո Անչելոտիին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված