Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռեալ Մադրիդին» կմիանա Աշխարհի ակումբային առաջնությունից հետո, սակայն մինչ այդ նա կփորձի «Ռիվեր Փլեյթի» կազմում ապագա թիմին դուրս թողնել պայքարից
Ֆրանկոյին Արգենտինայում անվանում են «դարի տաղանդ» և նա շուտով կմիանա իսպանական հսկային։ Բայց մինչ դա տեղի ունենա, 17-ամյա տաղանդը կարող է սեփական ձեռքով (ավելի ստույգ՝ ոտքերով) դուրս թողնել մադրիդյան ակումբին՝ ԱՄՆ–ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությունից (հունիսի 14-ից հուլիսի 13, ԱՄՆ):
Թեև «Ռեալ Մադրիդը» և «Ռիվեր Փլեյթը» դեռ չեն հաստատել տրանսֆերը, հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Մաստանտուոնոն կտեղափոխվի Իսպանիա 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։
«Ռիվեր Փլեյթը», որը Աշխարհի ակումբային գավաթի ուղեգիրը նվաճել է CONMEBOL-ի վերջին չորս տարիների միավորներով, իր հայտացուցակում ընդգրկել է նաև երիտասարդ տաղանդին։
Ինչպե՞ս և ե՞րբ Մաստանտուոնոն կարող է հանդիպել «Ռեալ Մադրիդին»
Վիճակահանությունը «Ռիվերին» և «Ռեալին» բաժանել է տարբեր խմբերում։ «Ռիվեր Փլեյթը» ընդգրկված է E խմբում՝ «Ինտեր Միլանի», «Մոնտերեյի» և ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» հետ։ «Ռեալ Մադրիդը» գտնվում է H խմբում՝ «Պաչուկայի», «Ալ Հիլյալի» և «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ։
Սակայն եթե երկու թիմերն էլ հաղթահարեն 1/8 եզրափակիչ փուլը, նրանք կարող են միմյանց դեմ դուրս գալ քառորդ եզրափակիչում, որը նախատեսված է անցկացնել հուլիսի 5-ին՝ Նյու Ջերսիի «MetLife» մարզադաշտում։
«Ռեալ Մադրիդը» համարվում է H խմբի ֆավորիտը, ինչը նշանակում է, որ նրանք 1/8 եզրափակչում կխաղան G խմբի երկրորդ տեղի թիմի դեմ (որը կարող է լինել «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը», «Վիդադը» կամ «Ալ Այնը»)։ Իսկ եթե «Ռիվերը» զբաղեցնի E խմբի երկրորդ տեղը, նա կբախվի F խմբի հաղթողին (որտեղ ընդգրկված են «Բորուսիա Դորտմունդը» և «Ֆլումինենսեն»)։
Եթե երկուսն էլ հաղթեն իրենց հանդիպումները, ուշադրության կենտրոնում կհայտնվի «MetLife» մարզադաշտը, որտեղ 17-ամյա պատանին կարող է ցնցել աշխարհը՝ իր ապագա ակումբին դուրս թողնելով մրցաշարից։