Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Մարսելի» հետ (16.09.2025, 23:00):
«Ռեալի» կիսապաշտպանի նախախաղային ասուլիսը
«Կկարողանա՞նք ընդհանուր փուլից հետո հայտնվել ՉԼ-ի մրցաշարային աղյուսակի լավագույն ութնյակում։ Մենք ուզում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Հույս ունենք, որ այս մրցաշարի մեկնարկը մեզ մոտ լավ կանցնի։
Գիտենք, որ մեզ սպասվում է բարդ խաղ «Մարսելի» հետ, որը հիանալի թիմ է։ Վաղը պետք է խաղանք բարձր մակարդակով, որպեսզի հաղթենք»։
«Մենք շատ բան ենք նվաճել Անչելոտիի հետ։ Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է։
Ալոնսոն մեզանից դաշտում տարբեր բաներ է պահանջում, նրա մեթոդաբանությունը տարբերվում է Կառլոյինից։ Մենք ամեն օր փորձում ենք զարգանալ և հարմարվել նրա պահանջներին։
Մենք փոխել ենք մեր փիլիսոփայությունը նախորդ մրցաշրջանի համեմատ։ Հիմա ունենք նոր մարզիչ և նոր ֆուտբոլիստներ։ Դեռ վաղ է շատ բան ասել, բայց մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել։
Միշտ ճնշման տակ ենք, երբ խաղում ենք «Ռեալի» կազմում։ Ինչպես միշտ, մենք 100 տոկոսով կվստահենք մեր ուժերին և կպայքարենք բոլոր տիտղոսների համար։ Սա է պահանջվում մեզնից այս ակումբում»։
«Իմ խնդիրը լավ խաղալն է և թիմին օգնելը տիտղոսներ նվաճելու հարցում։ Որոշ մարդկանց գուցե դուր չի գալիս, որ ես անում եմ իմ գործը լավագույն կերպով։ Ամենակարևորն այն է, որ թիմակիցներս, մարզիչը և ակումբի ղեկավարությունը գոհ լինեն ինձնից։ Հուսով եմ՝ «Ռեալի» մարզաշապիկով դեռ շատ հանդիպումներ կանցկացնեմ։
Զգո՞ւմ եմ արդյոք ինձ որպես առանցքային խաղացող Ալոնսոյի ժամանակ։ Այս մրցաշրջանում մենք հաղթել ենք բոլոր խաղերում Խաբիի գլխավորությամբ։ Մենք խաղում ենք ավելի ու ավելի լավ, բոլորը թիմում իրենց հարմարավետ են զգում, այդ թվում՝ ես։ Հուսով եմ՝ կշարունակենք նույն ոգով»։
«Փոխվե՞լ է Մբապեն նախորդ մրցաշրջանի համեմատ։ Դե, չգիտեմ։ Նախորդ մրցաշրջանում նա շատ գոլեր խփեց, նույնը անում է նաև այս մրցաշրջանում։ Նա հանդես է գալիս անհավանական մակարդակով։ Արդյոք Կիլիան մոլուցքով տարված է ՉԼ հաղթելու գաղափարո՞վ։ Նա միշտ ուզում է բոլոր տիտղոսները նվաճել»։