Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Ֆիլադելֆիայում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ (06.07.2025 00:00)։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը
«Մինչ մամուլի ասուլիսի մեկնարկը, ցանկանում եմ իմ և «Ռեալի» անունից խորին ցավակցություն ու աջակցություն հայտնել Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի ընտանիքներին և ջերմորեն գրկել նրանց մերձավորներին։ Դեպքը սարսափելի է»։
«Ես վերլուծել եմ «Բորուսիային» և կարող եմ ասել, որ դորտմունդցիները շատ լավ են խաղում։ Նրանց առանցքային ֆուտբոլիստներն են Գիրասին, Ադեյեմին, Բրանդտը, երեք կենտրոնական պաշտպանները... բոլորը շատ լավն են»։
«Մբապեն սկսել է իրեն ավելի լավ զգալ։ Այսօր կընդունենք որոշում՝ կլինի՞ նա մեկնարկային կազմում, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ ֆուտբոլիստներն առաջինը իմանան այդ մասին, ոչ թե լրագրողները»։
«Մեր թիմի կազմում երեք հարձակվող կա՝ Կիլիան, Էնդրիկը և Գ. Գարսիան, և ես հույս եմ կապում բոլորի հետ։ Հիմա երկարաժամկետ կազմի պլանավորմամբ չենք զբաղվում, ամբողջությամբ կենտրոնացած ենք Աշխարհի ակումբային առաջնության վրա։ Այդպիսի որոշումները կընդունվեն մրցաշարից հետո։
Կկարողանա՞ն Մբապեն ու Գոնսալոն խաղալ միասին։ Այո՛, իհարկե, նրանք կարող են լրացնել միմյանց։ Դա կախված է խաղի կոնտեքստից։ Գարսիան օգտվում է գլխավոր թիմում իր հնարավորությունից, և մենք գոհ ենք նրանից»։
«Ռեալ Մադրիդը» հիշեցնում է իմ «Բայերի՞ն»։ Ոչ, ոչ ամբողջությամբ։ Միակ բանը, որ միավորում է այդ երկու թիմերը՝ դա ես եմ։ Մենք ունենք մի քանի շատ լավ սկզբունքներ, բայց մեզ անհրաժեշտ է ավելի քրտնաջան աշխատել և լինել ավելի կայուն։
Անկախ նրանից, ամեն ինչ ընթանու՞մ է արդյոք ճիշտ, թե՞ ոչ, մենք պետք է լինենք ակտիվ, մոտիվացված ու ներգրավված խաղին։ Ես ջանում եմ գործել ինտենսիվ, նույնիսկ ջրային դադարների ժամանակ»։
«Չուամենին շատ խելացի ֆուտբոլիստ է, նա հիանալի հասկանում է իմ գաղափարները։ Նա հիմնարար խաղացող է մեզ համար։ Օրելյենը կարող է խաղալ դաշտում տարբեր դերերում։ Ես շատ եմ հետևել նրան, նա կարող է հարմարվել տարբեր խաղաոճերի»։
«Վալվերդեն սկսել է ստանձնել ավելի հարձակողական դեր, և ես կարծում եմ՝ նա շատ գոլեր կխփի հաջորդ մրցաշրջանում։
Պատրա՞ստ եմ դրան իմ մարզչական լիցենզիայով երաշխավորել, ինչպես անում էր Անչելոտին։ Կառլոն այնքան երկար կարիերա է ունեցել, որ կարող էր իրեն նման բան թույլ տալ (ծիծաղում է)։ Ես դեռ նոր եմ սկսում իմ ճանապարհը, ես չեմ կարող այդքան արագ ռիսկի դիմել։ Ես կարծում եմ, որ Ֆեդերիկոն շատ գոլեր կխփի, բայց չեմ պատրաստվում խաղադրույք անել»։
«Գյուլերը պետք է ավելի շատ խաղը կարդա պաշտպանական գործողությունների ժամանակ, քան մտնի մենապայքարների մեջ, որպեսզի կախված չլինի իր ֆիզիկական տվյալներից։ Նա դեռ պետք է անցնի այդ փուլը։
Այնուամենայնիվ, Գյուլերը լավ առաջընթաց է գրանցում։ Արդան պետք է ավելի շատ շփվի գնդակի հետ, նրա փոխանցումների որակը անհավատալի է։ Մենք ավելի լավ ենք խաղում, երբ նա դաշտում է»։
«Ինձ համար մեծ պատիվ է ունենալ Մոդրիչին իմ տրամադրության տակ։ Թիմի յուրաքանչյուր խաղացող պետք է յուրացնի նրա գիտելիքները»։
«Ռոդրիգոն պատրաստ է ցանկացած իրավիճակի, երբ նա մեզ անհրաժեշտ լինի։ Ես խոսել եմ նրա հետ երեկ․ նա պահպանում է դրական վերաբերմունք, լի է խանդավառությամբ։ Վստահ եմ՝ Ռոդրիգոն կվերադառնա իր լավագույն մարզավիճակին»։
«Այս տարի մենք չենք անցկացնի շրջագայություն այլ երկրներում։ Աշխարհի ակումբային առաջնությունից հետո կգնանք արձակուրդ, ապա կվերադառնանք Վալդեբեբաս՝ մարզումների, որոշումներ կընդունենք խաղացողների ապագայի վերաբերյալ և կպլանավորենք կազմը նոր մրցաշրջանի համար։ Սեզոնի մեկնարկին բոլոր որոշումներն արդեն կընդունված լինեն»։
«Կամավինգան իրեն ավելի լավ է զգում, բայց դեռ վաղ է նրան ընդգրկել խաղերի հայտացուցակում»։