Հոդվածներ

Ալոնսո․ «Չէի սպասում, որ նա 3-4 գոլ կխփի ԱԱԱ–ում»
02.07.2025
1047 0

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Մայամիում 1։0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» և նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Աչքի ընկավ Գոնսալո Գարսիան։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մամուլի ասուլիսը խաղից հետո

«Շատ գոհ եմ «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակից։ Առաջին 15 րոպեներից հետո սկսեցինք ավելի լավ վերահսկել գնդակը։ Կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Ինչ հրահանգներ էի տալիս խաղադադարների ժամանա՞կ։ Ասում էի, որ «Յուվենտուսը» շատ խտացած խաղում է կենտրոնում, և անհրաժեշտ է հարձակվել եզրերից։

Ջանում եմ շատ խոսել իմ ֆուտբոլիստների հետ յուրաքանչյուր ջրադադարի ընթացքում։ Անհրաժեշտ էր ինչ–որ բան շտկել և բարելավել մեր խաղում։ Այսօրվա խաղի երկրորդ կեսը ավելի լավ անցկացրինք, քան առաջինը։ Ցավալի է, որ չկարողացանք երկրորդ գոլը խփել, բայց սա «Յուվենտուսն» է։

Ցանկացած պարագայում պետք է կարողանալ տառապել։ Դա «Ռեալի» ԴՆԹ–ի մի մասն է։ Քիչ–քիչ առաջադիմում ենք։ Դուրս ենք եկել քառորդ եզրափակիչ, բայց ուզում ենք ավելին։ ԱԱԱ–ում ցանկացած սխալ կարող է վճռորոշ լինել, և մենք դա տեսանք առաջին երկու խաղերում»։

«Մբապեն դեռ ապաքինվում է։ Նա ավելի շատ մարզվելու ժամանակ կունենա, ուստի մինչև ԱԱԱ–ի քառորդ եզրափակիչ Կիլիանն իրեն ավելի լավ կզգա։ Ես ամեն օր խոսում եմ նրա հետ»

 «Գարսիան անում է այն, ինչ պետք է անի կենտրոնական հարձակվողը՝ գոլեր խփել, ճիշտ պահին ճիշտ տեղում լինել։ Նա հիանալի գոլ խփեց։ Շատ ուրախ եմ Գոնսալոյի և մնացած բոլորի համար։ Մենք պետք է խթանենք, որ նա շարունակի նույն ոգով։

Գարսիային նախկինում էլ գիտեի, բայց սուտ լիներ ասել, թե նրանից ԱԱԱ–ում 3-4 գոլ էի սպասում։ Բայց գիտեի, որ նա մեծ ուժ է ներդնում խաղադաշտում, հյուծում է մրցակիցներին, բարձրից է ճնշում գործադրում, շատ է աշխատում ու օգնում ամբողջ թիմին։ Ես վստահում եմ Գոնսալոյին»։

 «Վալվերդե՞։ Նրանով կյանքը շատ ավելի հեշտ է (ժպտում է), որովհետև նա ամեն ինչ լավ է անում։ Շատ ուրախ եմ, որ Ֆեդերիկոն իմ տրամադրության տակ է։ Նա անհավատալի ֆուտբոլիստ է թե՛ գնդակով, թե՛ առանց դրա»։

 «Հավատում եմ Տրենտին։ Նրան ժամանակ է պետք ամբողջությամբ «Ռեալին» հարմարվելու համար, բայց նա հիանալի ֆուտբոլիստ է»։

 «Վինիսիուսը կարող է խաղալ թե՛ ձախ եզրում, թե՛ ավելի մոտ կենտրոնին։ Նրա դիրքը կախված է նրանից, թե ինչ է պահանջում տվյալ խաղը»։

«Ուրախ եմ Գյուլերի համար, որովհետև նրա մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Բայց մեր խաղը միայն նրանից կախված չէ. մեկ ֆուտբոլիստ չի կարող կազմակերպել ամբողջ թիմի խաղը։ Մեզ անհրաժեշտ է բոլորի ներդրումը՝ Վալվերդեի, Ջուդի, Չուամենիի, Սեբալյոսի...»։