«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Դանի Կարվախալը El Chiringuito-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հաջողությամբ ապաքինվում է այն վնասվածքից, որի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։ Պաշտպանը նշել է, որ ընդգրկված կլինի առաջիկա Աշխարհի ակումբային առաջնության թիմի հայտացուցակում։
Դաշտ վերադառնալու մասին
«Իրականում շատ լավ եմ ինձ զգում, արդեն մարզվում եմ խաղադաշտում, ոտքերս 180 աստիճանով շրջում եմ։ Մարզավիճակ եմ հավաքում, իսկ հետո կտեսնենք։ Մինչև Լա Լիգայի ավարտը ես շարունակելու եմ մարզվել։ Ես մեկնելու եմ Աշխարհի ակումբային առաջնություն, որտեղ թիմի հետ սկսելու եմ մարզումները և կգնահատեմ, թե երբ կարող եմ վերադառնալ խաղադաշտ»։
Աշխարհի ակումբային առաջնության մասին
«Սա մեր վերջին հնարավորությունն է տիտղոս նվաճելու, և մենք ամեն ինչ կանենք դրա համար։ «Ռեալ Մադրիդը» պարտավոր է համապատասխանել իր պատմությանը։ Մենք կփորձենք հաղթել»։
Խաբի Ալոնսոյի նշանակման մասին
«Չգիտեմ՝ պաշտոնակա՞ն է դա, թե ոչ։ Բայց կարծես թե Խաբին կդառնա գլխավոր մարզիչ։ Ես դեռ չեմ կարողացել խոսել նրա հետ այդ թեմայով, բայց նա՝ ինչպես ոչ ոք, ճանաչում է ակումբը, տարիներ շարունակ պաշտպանել է «Ռեալի» տարբերանշանը և գիտի՝ ինչ է նշանակում այս թիմի խաղացող լինել։ Դա մեծ առավելություն է նրա համար՝ որպես մարզիչ»։
«Կկարողանա՞ Խաբին հաջողության հասնել, ցույց կտա ժամանակը։ Նա եկել է ուղղելու այս մրցաշրջանում ստեղծված իրավիճակը, երբ թիմը չկարողացավ նվաճել կարևոր տիտղոսներ։ Արդյունքներն են որոշում մարզիչների ու խաղացողների ապագան՝ այդպես է ֆուտբոլը։ Ես ինքս էլ ապրել եմ անսահման ուրախ պահեր այս ակումբում, բայց նաև կրել եմ ցավալի պարտություններ։ Կարծում եմ՝ Խաբին հրաշալի կաշխատի, նա «Բայերի» հետ երկու ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացրել»։
Կառլո Անչելոտիի մասին
«Շատ վշտացած եմ նրա հեռանալու պատճառով։ Ես երկար տարիներ աշխատել եմ նրա հետ՝ դեռ առաջին շրջանից սկսած։ Նրա գլխավորությամբ մենք ամեն ինչ հաղթեցինք, նա ինձ համար ինչպես հայր է ֆուտբոլում։ Հույս ունեմ, որ նա արժանի հրաժեշտ կստանա՝ որպես «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիչ»։
Դին Հյոյսենի մասին
«Դեռ չեմ խոսել նրա հետ, բայց սա հիանալի տրանսֆեր է։ Նա հրաշալի ֆուտբոլիստ է։ Ես ուրախ եմ և վստահ եմ, որ նա մեզ շատ կօգնի»։
Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդի մասին
«Տրենտի հետ մրցակցությո՞ւն։ Նա դեռ «Ռեալի» խաղացող չէ, թեև թվում է, որ կդառնա։ Ես չեմ վախենում մրցակցությունից, մենք բոլորս թիմակիցներ ենք։ Իսկ մրցակցությունը մեզ միայն կուժեղացնի՝ ստիպելով տալ մեր առավելագույնը»։