Լա Լիգան դատապարտել է «Բարսելոնայի» երկրպագուներին «Էլ Կլասիկոյի» ժամանակ հնչեցրած վիրավորական վանկարկումների համար։
Մրցաշարի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ համապատասխան տեղեկությունը փոխանցվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցումների կոմիտեին և սպորտում բռնության դեմ պայքարի հանձնաժողովին։ Խոսքը վերաբերում է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» միջև կայացած խաղի ժամանակ (4-3) տանտերերի երկրպագուների կողմից հնչեցված վիրավորական վանկարկումներին։
Նշվում է, որ «կապտանռնագույնների» երկրպագուները խաղի ընթացքում մի շարք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, իսկ խաղի ավարտից մոտ մեկ րոպե անց մի խումբ երկրպագուներ մոտ ութ վայրկյան շարունակ վանկարկել են․ «Ռեալի ապուշնե՛ր, ողջունե՛ք չեմպիոնին»։
Լա Լիգայի կայքի տեղեկացմամբ՝ նման վանկարկումները համարվում են արգելված և պատժելի՝ համաձայն ինչպես Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սպորտային կարգապահության կանոնագրքի, ինչպես նաև սպորտում բռնության, ռասիզմի, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի մասին օրենսդրության։
Fanat, Realmadrid.am